AM
24 September 2002 - 00:00 AMT

Հարցազրույց Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Բաղդասարյանի հետ

Խորհրդային Միության փլուզումից – 1991 թ. Հայաստանի Հանրապետության ծնունդից հետո ինչպիսի՞ն են Ձեր պետության հարաբերությունները նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ:

Հարաբերությունները, որոնք այսօր զարգանում են ուղղակիորեն եւ միջնորդավորված չեն Մոսկվայի կողմից, ինչպես նախկինում էր, լավ են կամ գերազանց գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Միակ երկիրը, որի հետ Հայաստանը հարբերություններ չունի, Ադրբեջանն է: Դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի մինչ օրս կարգավորում չստացած խնդրով:

Լեռնային Ղարաբաղը կամ, հայերեն, Արցախը, 1921թ. Ստալինի ազգային քաղաքականության հետեւանքով Ադրբեջանում հայտնված եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն դարձած հայկական մի անկլավ էր: 1992թ. Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը Ադրբեջանից` «դե ֆակտո» դառնալով անկախ հանրապետություն: Տաս տարի է, որ ունի ժողովրդավարական հիմունքներով ընտրված իր Խորհրդարանը, իր Կառավարությունը, իր Նախագահը: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ այս տարի օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ է վերընտրվել Արկադի Ղուկասյանը: Բազմաթիվ օտարազգի դիտորդների միաձայն կարծիքով, կայացել են միանգամայն ժողովրդավարական, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, թեեւ Եվրոմիությունը նախապես դրանք հայտարարել էր անօրինական: Իտալացի դիտորդ Լուչանո Արդեզին, օրինակ, հայտարարել է, որ ղարաբաղյան ընտրություններն ավելի ժողովրդավարական էին, քան իտալականը: Մեկ այլ դիտորդի` ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնի կարծիքով, Ղարաբաղի ընտրություններն ամերիկյանից ժողովրդավարական էին: Ընդգծենք, որ դրանք Լեռնային Ղարաբաղում անցկացված արդեն երրորդ նախագահական ընտրություններն էին: Եվրոմիության հայտարարությունն առնվազն տարօրինակ է թվում, հաշվի առնելով, որ գոյություն չունի այլընտրանք ընտրություններին` ցանկացած պետության սոցիալական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական միակ միջոցին: Վերադառնանք, սակայն, Հայաստանին:

Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերությունները նախկին խորհրդային հանրապետությունների հետ բարեկամական են: Խորհրդային Միության փլուզումը, բնականաբար, բազմաթիվ տնտեսական հարաբերությունների խզում առաջացրեց: Այսօր դժվարությամբ մեծ ջանքեր են գործադրվում ` երբեմնի կապերը վերականգնելու համար: Ցավոք սրտի, դրանց մեծ մասը կորսված են անվերադարձ:

Ի՞նչ հարստության պաշարներ ունի ձեր երկիրը:

Հայաստանը փոքր երկիր է` մի փոքր ավելի քան 3 միլիոն բնակչությամբ եւ 29,8 ք.կմ. տարածքով, որի մեծ մասը բարձրագագաթ լեռներ են, ուստի բնական հարստության մեծ պաշարների մասին խոսք լինել չի կարող: Կան ոսկու, պղնձի, մոլիբդենի, պերլիտի հանքեր, քարի բազմաթիվ տեսակներ: Նշանակալից է գերազանց որակի մրգի եւ գյուղատնտեսական այլ մթերքների արտադրությունը: Հայաստանի այլ պաշարների թվին կդասեի հարստագույն մշակութային արժեքները` իբրեւ հիմք զբոսաշրջության զարգացման համար:

Ըստ իս, սակայն, Հայաստանի իրական հարստությունը իր ժողովուրդն է: Հայ ժողովուրդը աշխատասեր է եւ լավ կրթված, դինամիկ է, ընդունակ է հարմարվելու նոր պայմաններին եւ կարողանում է արագորեն ընկալել եւ կիրառել նորույթները: Դրանով են բացատրվում Հայաստանի արդյունաբերության եւ գիտության զարգացմանն ուղղված Խորհրդային Միության կողմից կատարվող մեծ ներդրումները: Ելնելով խորհրդային կայսրության պահանջներից, Հայաստանում կառուցվեցին 10-15 հազար բանվոր ունեցող արդյունաբերական հրեշներ: Բնականաբար, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում հայտնված 3 միլիոն բնակչություն ունեցող մի երկրի համար այդ արդյունաբերությունն այսօր անօգտագործելի է: Հարկավոր է փոխել ամբողջ երկիր-համակարգը` հենվելով փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա:

1992թ. սկսած սեփականաշնորհման հետեւանքով, ձեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել տնտեսական բնագավառում, եւ թվում է նպատակաուղղված է դեպի արեւմտյան ժամանակակից շուկայական տնտեսություն: Ի՞նչ անելիքներ կան:

Հայաստանն առաջինն էր նախկին խորհրդային հանրապետություններից, որ սկսեց սեփականաշնորհման գործընթացը: Դեռ 1992թ. սեփականաշնորհվեց ամբողջ հողը: Արդյունաբերության սեփականաշնորհումը դեռ ընթացքի մեջ է. առ այսօր սեփականաշնորհված է մոտ 80 %-ը: Դրա շնորհիվ Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն էր, որ դեռ 1994 թ. գրանցեց համախառն ներքին արդյունքի աճ: Վերջին տարիներին գրանցվել է ՀՆԱ հետեւյալ աճը. 1998թ.` 7,3%, 1999թ.` 5,9%, 2000թ.` 9,6%. Բարեբախտաբար, այս միտումը շարունակվում է: Այսպես, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 2001թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում գրանցվել է ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ ՀՆԱ աճը` 10,1%, /համեմատ, օրինակ, Ադրբեջանի 8,4%-ի, Բելառուսի 5%-ի , Ուկրաինայի 4,3%-ի հետ եւ այլն/: Այդ նույն ժամանակահատվածում արդյունաբերությունում գրանցվել է 12,1% աճ:
Տնտեսության ազատականության ցուցանիշով Հայաստանը աշխարհում 45-րդն է, ինչպես Ֆրանսիան, եւ բազմաթիվ երկրներից առաջ, այդ թվում, օրինակ, Հունաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան:

Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում Եվրոմիությանը եւ ի՞նչ ակնկալիքներ ունի:

Հայաստանի կապերը Եվրոպայի հետ հազարամյա են: Հանդիսանալով Եվրոպայի սահմանը, եւ ոչ միայն աշխարհագրական, Ասիայի հետ, այն իրեն միշտ եվրոպական երկիր է համարել: Այստեղից էլ բխում է մեր կողմնորոշումը դեպի Եվրոպա:

1999թ. ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի միջեւ: Այն իրականացնելու ուղղությամբ աշխատում է հատուկ Կոմիտե, ստեղծվել են հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, սերտ համագործակցություն կա Եվրոխորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ:

Հնարավո՞ր է կանխատեսել Հայաստանի լիարժեք անդամակցությունը Եվրոմիությանը, ինչպես դա հայցվում է այլ երկրների կողմից:

Կանխատեսել, իհարկե, հնարավոր է, թեեւ դժվար է ժամանակը գուշակել: Հայաստանն անում է եւ կանի հնարավորը` եվրոմիութենական ընտանիքի լիարժեք անդամը դառնալու հրավերին արժանանալու համար: Հուսանք, որ դա շուտ իրականանա: Կուզեի ընդգծել սակայն, որ Հայաստանի համար ԵՄ անդամությունն ինքնանպատակ չէ: Մեզ համար շատ ավելի կարեւոր է ինտեգրման գործընթացի խորացումը, առավելագույնս ներգրավվումը եվրոպական կառույցներում:

Ինչպիսի՞ն են մշակութային կապերն Իտալիայի հետ:

Իտալիայի հետ Հայաստանի մշակութային կապերը շատ երկար պատմություն ունեն` սկսած Հռոմեական Կայսրության ժամանակներից: Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ու Հռոմը հասակակիցներ են: Հատկապես սերտ էին Հայաստանի կապերը իտալական տարբեր իշխանությունների հետ միջնադարում: Այդ շրջանում ազդեցիկ հայկական համայնքներ կային բազմաթիվ քաղաքներում` Նեապոլում, Հռոմում, Լիվորնոյում, Ջենովայում, Տրիեստում, Վենետիկում, Պադովայում, Ֆլորենցիայում, Բարիում: Հայերի ներկայության վկաներն են Իտալիայի ամբողջ տարածքով մեկ` Սիցիլիայից մինչեւ Տրիեստ, սփռված թվով 50 հայկական կամ հայածես եկեղեցիները:

Հայերեն առաջին տպագիր գիրքը տպագրվել է Վենետիկում` հեռավոր 1512թ.: Իտալական մշակույթի կարեւոր մաս են կաղմում համաշխարհային մակարդակի հայազգի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են գրող Զաքարիա Շերիմանը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն, բանաստեղծներ Վիտորիա Աղանուրն ու Հրանտ Նազարյանցը, նկարիչներ Գրիգոր Շլտյանն ու Ժիրայր Օրաքյանը, երաժշտագետ Անջելո Էֆրիկյանը: Անցած տարի իր 300-ամյա տարելիցը նշեց Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան Միաբանությունը: Սա մի հաստատություն է, որը թե` հայկական եւ թե` իտալական մշակույթի մեջ իր զգալի ավանդի շնորհիվ արժանի հեղինակություն է վայելում Արեւելքում եւ Արեւմուտքում: 160 տարի գործեց Վենետիկում Մուրադ-Ռափայելյան հայկական վարժարանը, օտարալեզու սակավաթիվ այն վարժարաններից մեկը, որոնց ավարտականը հավասարեցված էր իտալական վարժարանի ավարտականին: Այդ վարժարանի սաներն են եղել մեր նշանավոր դերասաններ Վահրամ Փափազյանն ու Պետրոս Ադամյանը, բանաստեղծներ Դանիել Վարուժանն ու Մկրտիչ Պեշիկթաշլյանը, նկարիչ Էդգար Շահինը եւ շատ ուրիշներ:

Իտալական մշակույթն, իր հերթին, մեծ ճանաչում ունի Հայաստանում: Բավական է ասել,որ գոյություն ունեն Դանտեի «Աստվածային Կատակերգության», ինձ գոնե հայտնի, թվով հինգ ամբողջական թարգմանություններ: Հայերեն են թարգմանված Օվիդիոսն ու Պետրարկան, Միկելանջելոն ու Բոկաչչոն, Գոլդոնին ու Կամպանելլան, Ունգարետտին ու Մոնտալեն, Սաբան ու Կվազիմոդոն, Պալացեսկին ու Մորավիան, Բուցատտին ու Մալերբան եւ շատ ուրիշներ: Իտալական գրականության մի ստվար մասն էլ ծանոթ է մեզ ռուսերեն թարգմանությունների միջոցով: Քաջածանոթ եւ շատ սիրված է Հայաստանում իտալական կինոն, հատկապես նեոռեալիզմի շրջանի:

Մեր երկրների միջեւ մշակույթի ասպարեզում վերջին շփումներից կարելի է առանձնացնել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համերգը Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ` Երեւանում եւ Ռավեննայում կազմակերպված հայաստանցի քանդակագործների եւ նկարիչների մեծ ցուցահանդեսը: 2001թ. կազմակերպված այս միջոցառումները նվիրված էին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակին:

Իսկ տնտեսակա՞ն հարաբերությունները: Կա՞ն բնագավառներ, որոնք, Ձեր կարծիքով, պետք է զարգացնել:

Տնտեսական հարաբերությունները բավական լավ են զարգանում, թեեւ դեռեւս չօգտագործված բազմաթիվ հնարավորություններ կան: Վերջին 5 տարիների ընթացքում մեր երկրների միջեւ ապրանքափոխանակումն աճել է ավելի քան 5 անգամ: Իտալիան եվրոպական մեր առեւտրային գործընկերների շարքում առաջիններից է եւ առաջինը` ապրանքների տեսականիի առումով: Այն Հայաստան է առաքում ավելի քան հարյուր տեսակի ապրանք: Տարիներ շարունակ Հայաստանում հաջողությամբ գործում են
իտալական ընկերությունները, ինչպես, օրինակ, Ռենկոն, Լովաբլը, Գրանդի Մոլինին, Լ’Արտեգրաֆիկա Պագանին: Ըստ իս, հետագա զարգացման հնարավորություններ կան բոլոր բնագավառներում: Կան բնագավառներ, որոնցում հնարավոր է հեշտությամբ արդյունքի հասնել : Դրանք են, իմ կարծիքով, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, հագուստի եւ կոշիկի արտադրությունը: Միանգամայն պարզ է, որ Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող մեծ հետաքրքրություն ներկայացնել իբրեւ շուկա: Կարծում եմ, սակայն, որ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի արտադրող եւ արտահանող երկիր դառնալու` յուրատեսակ փոքր Իտալիա: Ասում եմ սա` նկատի ունենալով մեր ժողովուրդների նմանությունները, լինի բնավորության , խառնվածքի, լինի սովորույթների առումով: Դրանից ելնելով է, որ համոզված ասում եմ . Հայաստանի համար լավագույն տնտեսական մոդելը իտալականն է, որի հիմքը կազմում են փոքր եւ միջին ձեռնարկությունները: Ահա թե ինչու է կարեւոր մեզ համար խորապես ուսումնասիրել հետպատերազմյան ձեր փորձը:

Գտնու՞մ եք, որ տեղի ունեցող գլոբալիզացիան օգտակար կլինի նաեւ թույլ զարգացած երկրների համար:

Հուսանք: Առայժմ մեծ օգուտներ չեն նկատվում: Եթե աշխարհն իր մեջ ուժ չգտնի դիմակայելու գլոբալիզացիայի մեջ թաքնված էքսպանսիայի վտանգին, եթե քաղաքականությանը չհաջողվի որեւէ կերպ սահմանափալել հզորագույն ընկերությունների ախորժակները, չեմ տեսնում, թե ինչպես կարող է գլոբալիզացիան բարելավել աշխարհը: Եթե հնարավոր լիներ գլոբալիզացիան իրագործել փոքր եւ միջին ձեռնարկությունների միջոցով, շատ ավելի լավատես կլինեի: Դժբախտաբար, այն իրականացնողները գլխավորապես հզոր բազմազգ ընկերություններն են, որոնց նպատակների մեջ, չեմ կարծում, թե մտնում է հետամնաց երկրների զարգացումը:

Որքանո՞վ զգալի տեղ է գրավում զբոսաշրջությունը ձեր ակտիվ հաշվեկշռում:

Առայժմ ոչ այնքան զգալի: Հույս կա, սակայն, որ զբոսաշրջությունը կարող է դառնալ մեր ամենաարդյունավետ բնագավառներից մեկը: Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը: Վերանորոգվում են ավտոճանապարհները, կառուցվում են մեծ թվով հյուրանոցներ, բացվում են ռեստորաններ, վերակառուցվում եւ արդիականացվում է Երեւանի միջազգային օդանավակայանը:

Զբոսաշրջիկն ինչու՞ պետք է Հայաստանն ընտրի իբրեւ արձակուրդ անցկացնելու վայր:

Որովհետեւ Հայաստանը հետաքրքիր է թե պատմա-հնագիտական, թե ազգա-մշակութային եւ թե բնության յուրօրինակության առումներով: Երկիրը հարուստ է հնագույն ճարտարապետական կոթողներով, Երեւանում է գտնվում Մատենադարանը` հնագույն ձեռագիր մատյանների աշխարհում ամենահարուստ հավաքածուներից մեկը: Երեւանի ազգային Պատկերասրահը ԽՍՀՄ-ում երրորդն էր համարվում Մոսկվայից եւ Ս.Պետերբուրգից հետո: Եզակի են մանկական արվեստի եւ Փարաջանովի թանգարանները: Լավ հնարավորություններ կան մշակութային զբոսաշրջության զարգացման համար: Համոզված եմ, որ Հայաստանում կարելի է լավագույնս արձակուրդներ անցկացնել: Հայաստանի մեծ մասը բարձր լեռներ են, հրաշալի մայրցամաքային կլիմա ունենք ցածր խոնավությամբ, հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ կան, ուր հնարավոր է բուժվել տարվա բոլոր ժամանակներին: Ավելացնենք սրան բնակչության հյուրընկալությունը, կենսաբանորեն բացարձակ մաքուր ապրանքների հիման վրա պատրաստված ընտիր խոհանոցն ու համեղ մրգեղենը:

Որո՞նք են հայ ժողովրդի որակները:

Եթե «որակներ» ասելով հասկանում ենք բնորոշ դրական հատկանիշները, ապա կարող եմ նշել հյուրասիությունը, դինամիզմը, ստեղծագործ ոգին, արագ հարմարվելու ունակությունը, ուսման հակումը: Համոզված եմ, որ բոլոր այս հատկանիշներով օժտված են նաեւ իտալացները: Հուսով եմ, որ չափը չանցա` մեր առաքինությունները գովաբանելով: Կուզեի, որ հայերի այս հատկանիշները ճանաչեին եւ գնահատեին օտարերկրյա մեր հյուրերը:

Քիչ է խոսվում 1915-1923թ.թ. ցեղասպանության եւ դրան հետեւած ձեր ժողովրդի` աշխարհով մեկ սփռվելու մասին: Ի՞նչ է մնում այդ ողբերգությունից հայ ժողովրդի հիշողության մեջ:

Ցեղասպանությունն անջնջելի է հայ ժողովրդի հիշողությունից: Փոքրաթիվ վերապրածների աչքերի առջեւ ամրագրված են այն օրերի սարսափելի, անմարդկային պատկերները, հոշոտված ազգականների կենդանի պատկերները: Մյուսները ցեղասպանությունը ճանաչում են վերապրածների կամ վկաների պատմածներով, այն ժամանակվա փաստաթղթերով: Կոտորվեց հայ ժողովրդի կեսից ավելին, մյուս կեսը սփռվեց աշխարհով մեկ: Դժվար է գտնել հայ ընտանիք, որը ցեղասպանության ժամակ զոհ տված չլինի: Գրեթե մեկ դար է անցել, սակայն ամեն տարի ապրիլի 24-ին` ցեղասպանության ոգեկոչման օրը, Երեւանում ցեղասպանության զոհերի հուշարձան է այցելում մեկ միլիոն մարդուց ավել` զոհերի հիշատակը հարգելու: Ուստի անհնար է պատկերացնել, թե ցեղասպանությունը կմոռացվի: Այն փաստը, որ հայոց ցեղասպանությունը ճանաչված չէ, ավելին` հերքվում է Թուրքիայի կողմից, թույլ չի տալիս տուժածին գոնե ազատագրվել զոհի, իսկ հեղինակին` մեղապարտի բարդույթից:

Ցեղասպանության ճանաչումն, ըստ իս, կարեւոր է բոլոր նրանց համար, ովքեր, գիտակցելով պատմական փաստերը, ուզում են եւ կարող են նպաստել ապագայում նման ողբերգություններւ չկրկնվելու գործին: Այս ասելով, չեմ կարող մեկ անգամ եւս չարտահայտել երախտագիտության այն զգացումը, որ հայերը տածում են հայոց ցեղասպանությունը ճանաչած ժողովրդների, եւ այդ թվում` մասնավորապես Իտալիայի ժողովրդի հանդեպ, որն իր համերաշխությունը դրսեւորել է ավելի քան 40 քաղաքների եւ Խորհրդարանի կողմից ընդունված որոշումների միջոցով:

Ալֆրեդո Լա Ռոկկա
«Շենա իլյուստրատա»
Մայիս-Հունիս 2002