Առաջին հայացքից թվերը կասկածելի են թվում: Բաքվի քարոզիչները սիրում են պատմել այն մասին, թե իբր Ադրբեջանի մայրաքաղաքում եւ քաղաքներում խաղաղ բնակվում են հազարավոր հայեր, հիմնականում` ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք: Մինչ այժմ թվերը հասնում էին հինգից մինչեւ քսանհինգ հազարի սահմանագծին: Սովորաբար թիվը տատանվում է տեղեկատվության աղբյուրի երեւակայությամբ պայմանավորված: Սակայն մինչ այժմ ոչ ոք հարյուր քսան հազարի մասին չէր խոսել: Կարելի է ենթադրել, որ խոսքը ոչ թե իրենց ծագումը ստիպված թաքցնող դժբախտ կանանց մասին է, այլ` Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների, որոնց Ադրբեջանում պատիվ են համարում իրենց համաերկրացին անվանել:
Սակայն այստեղ էլ խառնաշփոթ կա: Վիճակագրության պետական հանձնաժողովի տվյալներով եւ ԼՂՀ-ի վերլուծության համաձայն, անցյալ տարվա վերջի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 144 հազար մարդ: Նրանցից հարյուր երեսուն հազարից ավելին հայեր են: Եթե այս թվին ավելացնենք իբրեւ թե Ադրբեջանում բնակվող ամուսնացած հայուհիների վարկածային թվաքանակը, ապա արդյունքը պետք է 150 հազար լինի: Մինչդեռ Ադրբեջանի Պետվիճվարչությունը պնդում է 120 հազար թիվը: Այսպիսով, կամ պաշտոնական վիճակագրությունը մերժում է Բաքվում հայերի առկայության հայտարարությունները, կամ էլ ադրբեջանցի փորձագետներն երբեւէ Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմի մեջ չմտած հարեւան պետության բնակչության թվաքանակի հաշվարկման իրենց մեթոդներն ունեն:
Սակայն այս ամենը երկրորդական է: Կարեւորը, որն աչքի է զարնվում, Ղարաբաղի հայերի հանդեպ երկակի մոտեցումն է: Մի կողմից ԼՂՀ-ի բնակիչներին Բաքվում իրենց երկրի քաղաքացին են համարում, մյուս կողմից` հրաժարվում են շփվել իրենց «համաերկրացիների» հետ` նախընտրելով ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ վարել այլերկրացիների` Հայաստանի իշխանությունների հետ: Դե եթե Հեյդար Ալիեւը Արկադի Ղուկասյանին իր համաքաղաքացին է համարում, ապա ինչու՞ չնստել բանակցությունների սեղանի շուրջ եւ չլսել, թե իր առաջարկների մասին ինչ է մտածում օրինական ընտրված Լեռնային Ղարաբաղի առաջնորդը… Գուցե այդ դեպքում նրան որոշ բաներ պարզ դառնան:
Պետվիճվարչության հաշվարկներով, Ադրբեջանում բնակվում է 120,7 հազար հայ: Ադրբեջանցիներից հետո ազգային համայնքի թվաքանակով երկրում երկրորդ տեղն են զբաղեցնում լեզգիները` 178 հազար: Այնուհետեւ ռուսներն են` 141 հազար, թալիշները` 76,8 հազար, ավարցները` 60 հազար: Բացի այդ, Ադրբեջանում բնակվում են նաեւ 43,3 հազար թուրք եւ 131 հազար քուրդ: