Հայտնի է, որ խողովակով տարվող ադրբեջանական հում նավթի ինքնարժեքը նվազագույնը վեց անգամ թանկ կլինի իրաքյան նավթից: Միեւնույն ժամանակ, «Բաքու-Ջեյհան» նախագծի իրականացման համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար, այն դեպքում, երբ կա Իրաքից դեպի Ջեյհան նավթատարը եւ ոչինչ, բացի Բաղդատի հանդեպ տնտեսական պատժամիջոցների առկայությունը, չի խանգարում վերաշահագործել այն:
Օրերս ,Associated Pressե -ին տրված հարցազրույցում Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի թուրքական նախագծի տնօրեն Բյուլենթ Ալիրզան հայտարարել է, որ «Բաքու-Ջեյհան» նախագծի կոմերցիոն շահույթի օգտին ոչ մի ապացույց չկա: «Հրաշքով է, որ նախագիծը չի «ձախողվում» քաղաքական եւ տնտեսական հաշվարկների ծանրությունից»,-կարծում է թուրք փորձագետը: «Եթե Իրաքն ազատվի Սադամ Հուսեյնի վարչակարգից, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի աշխարհի տնտեսական քարտեզի փոփոխությանը: Այդ ժամանակ հարց կառաջանա` առավել շահեկան է նավթ գնել Իրաքից բարելի դիմաց մեկ դոլար վճարելով, թե՞ Ադրբեջանից` բարելի դիմաց 6.75 դոլարով»,- հաստատում է Բյուլենթ Ալիրզան:
Թուրք փորձագետի գնահատակաները մեկնաբանելով` Բաքվի «Էխո» թերթը եզրակացնում է, որ հենց Սադամ Հուսեյնն է «Բաքու-Ջեյհան» նավթատարի եկամտաբերության երաշխավորը, եւ որքան երկար պահպանվի Բաղդատի դիկտատորի իշխանությունը, այնքան շատ կլինեն «դարի նախագծի» իրականացման հնարավորությունները::
Բաքվում այս կարծիքին են շատերը: Օրինակ, հայտնի տնտեսագետ Զաիդ Մամեդովն այն կարծիքին է, որ չնայած Վաշինգտոնը հետաքրքրված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցության կապեր պահպանելու մեջ, այնուհանդերձ «ԱՄՆ իրականում պատրաստ են քաղաքական շահերը զիջել տնտեսականին, եթե այդպիսիք առաջ գան իրաքյան հարցի կարգավորումից հետո»: Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ, քաղաքագետ Զառդուշտ Ալիզադեն առավել հոռետես է նախագծի հեռանկարներին տրված իր գնահատակներում: «Ես միշտ էլ դեմ եմ եղել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նախագծին, եւ ասում էի, որ տնտեսապես այն շահեկան չէ: Նավթատարի շինարարությունը նույնչափ ռիսկային որոշում է, որքան ԽՍՀՄ-ում ակտիվորեն իրականցված հյուսիսային գետերի հունը` դեպի հարավ փոփոխելու գաղափարը»,- հայտարարել է Ալիզադեն: Նրա կանխատեսումը միանշանակ է: «Երբ Սադամ Հուսեյնը կհեռացվի իշխանությունից, նավթի գները կտրուկ կիջնեն: Իրաքյան պատերազմի ավարտից հետո ՕՊԷԿ-ը չի կարողանա կարգավորել նավթի շուկան, որը կփլուզվի եւ «Բաքու-Ջեյհանը» ինքնըստինքյան կմահանա»:
Այսպիսով, ակնհայտ է, որ «Բաքու-Ջեյհան» նախագծի աննկարագրելի հեռանկարների մասին առեղծվածին շատ քչերն են արդեն հավատում նույնիսկ Ադրբեջանում եւ Թուրքիայում: Կարիք էլ չկա խոսելու արեւմտյան ֆինանսական ինստիտուտների մասին, որոնց նավթատարի շինարարության համար գումար գտնելու ակնկալիքով դիմում են «մեծ խաբեության» նախաձեռնողները: