Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հետաձգված հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարին Մոսկվայում: Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Անդրկովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի կեսերին, չի կայացել: Հանդիպմանը խանգարող պատճառների մասին չի հաղորդվում: Նշենք, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման նախաձեռնողն է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսի Երկրորդը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Գարեգին Երկրորդը եւ Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կարծիքներ կփոխանակեն` տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական երկխոսության համար հող ստեղծելու հնարավորության վերաբերյալ: Զրուցակիցները կշոշափեն նաեւ միջազգային ահաբեկչության հիմնահարցը: Դա կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդի թվով յոթերորդ հանդիպումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: