Այս անգամ Սպիտակ տունը Կապիտոլիումին առաջարկել է կրճատել ԱՊՀ բոլոր պետություններին տրամադրվելիք օգնության չափը, այդ թվում` Ադրբեջանին եւ Վրաստանին: Լիովին սպասելի էր Ջորջ Բուշի նման որոշումը: Այլ բան եւ պետք չէր ակնկալել, եթե հաշվի առնենք Մերձավոր Արեւելքում սպասվելիք պատերազմը: Բոլոր հարավ-կովկասյան պետությունների համար ադմինիստրացիան նախատեսել է հավասար գումար: Սակայն եթե հաշվի առնենք բնակչության թիվը, ապա ամեն դեպքում ակնհայտ է հայերի օգտին առաջնայնությունը: Բացարձակ թվերում առաջնորդում է Վրաստանը: Ամենաքիչ օգնությունը բաժին է ընկնում Ադրբեջանին, որի բնակչության մեկ հոգուն նախատեսվում է ընդամենը 5 դոլար: Այնուհանդերձ, Բաքվում գոհ են: Բավարարված են միայն այն բանի համար, որ ամերիկյան ադմինիստրացիան կրկին հայտարարել է Երեւանին տրամադրվող օգնության կճրատման մտադրության մասին:
Սպիտակ տունը առաջարկում է կոնգրեսին Հայաստանի համար նախատեսել 50 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2003 թվ.-ի համար հաստատվել է մոտ 90 միլիոն: Հիշեցնենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ադմինիստրացիան երեք անգամ փորձել է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը, սակայն ոչ մի անգամ հաջողության չի հասել: Ամեն անգամ կոնգրեսի հայամետ ուժերին հաջողվել է վերականգնել նախորդ տարիներին տրված օգնության չափը: Անցյալ տարվա սկզբին Ջորջ Բուշն առաջարկել էր սահմանափակվել 70 միլիոնով: Այս անգամ առաջարկվող գումարն ավելի քիչ է, քանի որ ավելի քիչ են եւ հնարավորությունները:
Հատկանշական է, որ նույնիսկ Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը խոսում է նախագծում Հայաստանին առնչվող հատկացումների վերափոխումների հնարավորության մասին: Դիվանագետի խոսքերով, հնարավոր է, որ կոնգրեսը կրկին անտեղի համարի կրճատել Հայաստանին տրամադրովող օգնությունը: Կոնգրեսի հայկական խումբը բավականաչափ փաստարկներ ունի հօգուտ այս հարցի: Դրանցից կարեւորագույնն այն է, որ ադմինիստրացիային այդպես էլ չի հաջողվել իրականացնել 2003թվ.-ի հատկացումների մասին օրենքում տեղ գտած գլխավոր պայմանը: Փաստաթղթում խոսվում է Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ իրականացված շրջափակմանը հակազդելու անհրաժեշտության մասին: Հայկական լոբբին մտադիր է օրենսդիրների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գործադիր իշխանությունը չի կարողացել Անկարային եւ Բաքվին ստիպել դադարեցնելու շրջափակումը, որը Հայաստանի համար արժենում է տարեկան 600-ից 700 միլիոն դոլար: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի տնօրեն Արամ Խաբրամյանը վերջերս հայտարարել է, որ ադմինիստրացիան իր մասով պատասխանատվություն պետք է կրի այն բանի համար, որ շրջափակումը մինչ այժմ շարունակվում է: Միակ բանը, որով Վաշինգտոնը կարող է փոխհատուցել իր անտարբերությունը, կարող է լինել ֆիանանսական օգնությունը: Գրեթե այսպես է մտածում կոնգրեսի հայկական խմբի 126 անդամներից յուրաքանչյուրը: