AM
12 February 2003 - 00:00 AMT

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ԼԻՈՎԻՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՆ ԶԳՈւՄ ԲԱՔՎ ՈւՄ

Սա միակ տհաճ անակնկալը չէր, որ անցյալ շաբաթ ստացան Ադրբեջանի իշխանությունները: Պակաս սենսացիոն չէր Չիկագոյում շարունակվող դատական պրոցեսի ընթացքում «Միջազգային բարեգործական հիմնադրամ» ծայրահեղական կազմակերպության հիմնադիր Էնաամ Արնաուտի տրված ցուցմունքները: Այս միջազգային ճյուղավորված կառույցի առաջնորդը, որը սերտ կապեր ունի Ուսամա բեն Լադենի հետ, խոստովանել է, որ Բաքվում գործող մասնաճյուղը իրոք մասնակցել է չեչեն ահաբեկիչների ֆինանսավորմանը: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ չեչեն հրամանատարների հետ «Միջազգային բարեգործական հիմնադրամի» Բաքվի գրասենյակի ունեցած կապի մասին խոսել էր Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմսկին: Նա հայտնել էր, որ առկա են անհերքելի փաստեր այն մասին, որ հիմնադրամի ադրբեջանական մասնաճյուղի հաշվին հավաքվում են միջոցներ Մոսկվայում եւ Հյուսիսային Կովկասի քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներին ֆինանսավորելու համար: Հաստատվել է, որ արդեն հանգուցյալ հրամանատար Խատտաբը Բաքվից ստացել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, կապի միջոցներ, պաշտպանական հանդերձանք, ռենտգենային սարքավուրումներ եւ տարատեսակ զինամթերք: «Միջազգային բարեգործական հիմնադրամի» առաջնորդ Էնաամ Արնաուտը հաստատել է գրեթե բոլոր այս փաստերը:

Հայտնի է, որ բարեգործական կազմակերպության անվան տակ գործող «Միջազգային բարեգործական հիմնադրամի» Բաքվի մասնաճյուղը հիմնվել է ութ տարի առաջ: Երբ հայտնի է դարձավ հիմնադրամի եւ «Ալ Քաիդայի» կապը, աշխարհում գործող հիմնադրամի տարածաշրջանային կառույցները փակվեցին, իսկ դրանց ղեկավարները պատասխանատվության ենթարկվեցին: Սակայն Բաքվի մասնաճյուղը շարունակեց անխափան գործել: Արնաուտի էմիսարները շարունակում են իրենց բավականին անվտանգ զգալ Բաքվում նույնիսկ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մամուլի համար տարածեց տեղեկատվություն, որտեղ զարմանք էր հայտնվում Ադրբեջանի իշխանությունների անտարբերության առիթով, որոնք ոչինչ չեն ձեռնարկում կասեցնելու համար «Միջազգային բարեգործական հիմնադրամի» գործունեությունը: Հայտարարության մեջ նշված էր մասնաճյուղի գլխավոր շտաբի հասցեն` Բաքու, Բաշիր Սաֆաօղլու փողոց, տուն 69: Սակայն սա էլ չպարտադրեց Բաքվի ղեկավարներին դադարեցնելու ահաբեկչական կառույցի գործունեությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության տարածումից մեկ շաբաթ հետո «Միջազգային բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղի ղեկավարները Բաքվի լրագրողներին հավաստում էին, որ իշխանությունների կողմից «ոչ մի ճնշման չեն ենթարկվել»:

Այն, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում պայքարել միջազգային ահաբեկչական կառույցների դեմ, վաղուց ակնհայտ է: Սակայն պաշտոնական Բաքուն մինչ այժմ չի համակերպվում այն մտքի հետ, որ քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանը համարում է մի երկիր, որտեղից ահաբեկչության վտանգ է սպասվում: Հնարավոր է, որ Սերգեյ Իվանովի հայտարարությունը եւ Ինաամ Արնաուտի խոստովանությունը կօգնեն համակերպվել այդ փաստի հետ: