101 կողմ եւ 57 դեմ ձայների հարաբերակցությամբ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին» զեկույցը ներառվել է հունիսի 26-ի նիստի օրակարգում: Բաքվում զգուշանում են, որ զեկույցի ներկայացումից հետո կառաջադրվի ԵԽԽՎ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի սառեցումը: Նման անհանգստության համար հիմքերը բավականաչափ են: Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների մասին փաստաթուղթը պատրաստել է ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի հատուկ զեկուցող բելգիացի Ջորջ Կլերֆայտը: Զեկույցի բովանդակությունն արդեն հայտնի է: Այն ներկայացվել է հունիսի 5-ին Փարիզոււմ կայացած Հանձնաժողովի նիստին: Փաստաթղթում պարունակվող գնահատականները Բաքվում իսկական խուճապ են առաջացրել: Զեկուցողը ոչ միայն խիստ քննադատության է ենթարկում ադրբեջանցիներին բոլոր քաղբանտարկյալներին ազատելու պարտավորությունների չկատարման համար, այլեւ ընդգծում է «խղճի բանտարկյալների» թվի զգալի աճը: Կլերֆայտը պնդում է ցուցակում ներառել եւս 72 մարդ, որոնք նախկինում չեն հաշվառվել: (Նշենք, որ զեկույցում ընդգրկված չեն նաեւ վերջերս ցույցին մասնակցելու համար ձերբակալված Ազգային ֆրոնտի արմատական թեւի ակտիվիստները):
Զեկույցում նշվում է, որ ներքին գործերի նախկին նախարար Իսկանդեր Համիդովի, պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւի եւ Թալիշ-Մուղնական հանրապետության նախագահ Ալիքրամ Գումբատովի կրկնակի դատավարություններն ընթանում են օրենքի ծայրագույն խախտումներով եւ բավականաչափ հեռու են եվրոպական չափանիշներից: Հատուկ շեշտվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների անընդունելիությունը` կապված նախագահական պաշտոնի համար պայքար մղող Հեյդար Ալիեւի իրական մրցակիցներին չեզոքացնելու հետ: Ջորջ Կլեյֆարտը պահանջում է հանել նախկին նախագահ Այազ Մութաբիլովի եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի հանդեպ կիրառված ձերբակալման սանկցիաները: Նշված երկու անձինք էլ մտադիր են ներգրավվել պետության ղեկավարի պաշտոնի համար ընթացող պայքարում: Զեկույցում հստակորեն ասված է, որ «եթե մինչեւ սեպտեմբեր չազատվեն բոլոր քաղբանտարկյալներն առանց բացառության, ապա Ադրբեջանի հանդեպ կկիրառվեն պատժամիջոցներ»: Կարծես թե, սա վերջին ժամկետն է: Հավանականությունը մեծ է, որ Վեհաժողովը կհաստատի զեկույցի այդ դրույթները: Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Բաքվի իշխանական էլիտան նախագահական ընտրությունների նախաշեմին մեծ անակնկալ կստանա, որը լրջորեն կազդի ոչ միայն քվեարկության արդյունքների, այլեւ` ադրբեջանական պետության ճակատագրի վրա:
Սրանում արդեն չեն կասկածում նաեւ Բաքվի զանգվածային լրատվամիջոցները: «Ինչպես երեւում է, Եվրոպայի Խորհրդի համբերության վերջը եկել է»,- գրում է «Զերկալո» թերթը: «Չպետք է բացառել, որ 2003թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանը լուրջ պատժամիջոցների կենթարկվի»,- նույն միտքն է շարունակում «Էխո» թերթը: Կարծես, Ադրբեջանի համար անելանելի իրադրություն է ստեղծվել: ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիեւի ղեկավարած ադրբեջանական պատվիրակության անդամներն արդեն գիտակցում են, որ պայքարելն այլեւս անիմաստ է: Տվյալներ կան այն մասին, որ նրանք մտադիր են բոյկոտել Վեհաժողովի աշխատանքները: