AM
25 June 2003 - 00:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈւՄԸ ԿՃԵՂՔՎԻ ՄԵԿՈւԿԵՍ ՏԱՐՈւՑ

Հունիսի 19-ին այս նույն թեման քննարկել են «Վրացական երկաթուղային ճանապարհներ» պետական ձեռնարկության տնօրեն Չխիաձեն եւ Ռուսաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարի տեղակալ Զյաբիրովը: Հաղորդակցության վերականգնման խնդիրներին առնչվող քննարկումների սկիզբը դրվել էր մայիսի 29-ին Մոսկվայում, որտեղ հստակեցվել էին ճշտման կարիք ունեցող հիմնական հարցերի շրջանակները: Սրան նախորդել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած զրույցը Էդվարդ Շեւերդնաձեի եւ Վլադիր Պուտինի միջեւ: Երկու պետությունների ղեկավարները հաստատել էին Սոչիի համաձայնագիրը, որը նախատեսում է երկաթգծային ճանապարհների շահագործման հարցերի միասնական լուծումներ եւ Աբխազիայի Գալի շրջան փախստականների վերադարձը: Նշենք, որ ձեռք բերված համաձայնությունները Հայաստանին հնարավորություն կտան ճեղքել տրանսպորտային շրջափակումը, որն ամեն տարի 600 միլիոն դոլարի վնաս է պատճառում:

Ռուսական կողմի առաջարկով առաջին փուլում կուսումնասիրվի մայրուղու Սոչի-Թբիլիսի հատվածի տեխնիկական վիճակը: Ենթադրվում է, որ միայն սրանից հետո կկազմվի ծախսերի ցուցակը եւ կհստակեցվի վերականգնման աշխատանքների ժամանակացույցը: Արդեն հայտնի է, որ վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնելու ռուսական կողմը: Համաձայն աբխազական երկաթուղայինների արված նախնական հաշվարկների, մայրուղու վերականգնման համար կպահանջվի մոտ 60 միլիոն դոլար:

Վրացական կողմն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու վերականգնողական աշխատանքներին: Էդուարդ Շեւերդնաձեի խոսքերով, պատճառը վրացա-աբխազական սահմանում տիրող անկայուն իրավիճակն է, որտեղ գործում են անվերահսկելի բանդիտային խմբավուրումներ: Բացառված չէ, որ աշխատանքներին ներգրավվեն հայ երկաթուղայինները: Սակայն նախապես պետք է լուծվեն շինարարների անվտանգության հարցերը: «Վրացական երկաթուղային ճանապարհներ» ձեռնարկության գլխավոր ինժեներ Թանգիզ Դոնաձեն օրերս հայտարարել է, որ աբխազական հատվածում աշխատանքների անվտանգությունը կարող են ապահովել վրացա-աբխազական գոտում խաղաղության պահպանման հարցերով զաբղվող ԱՊՀ կոլեկտիվ ուժերը: Ինչ վերաբերում է գնացքների անվտանգությանը, ապա պաշտոնական Թբիլիսն պատրաստ է պատասխան տալ Աբխազիայից դեպի Հայաստան ընկած ճանապարհին տեղի ունեցածի համար:

Առայժմ դժվար է խոսել այն մասին, թե Երեւանի կայարանի տոմսարկղերում երբ կվաճառվեն Սոչի-Մոսկվա տոմսերը: Լավատեսները ենթադրում են, որ սա տեղի կունենա արդեն մեկ տարուց: Վրացական երկաթուղայինների ղեկավարի համար այս ժամկետը իրական չէ: Ակակի Չխաիձեի կարծիքով` երկաթգծի վերականգնման աշխատանքները կտեւեն նվազագույնը մեկուկես տարի: Սակայն ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանին քիչ է մնացել ապրել շրջափակման մեջ: