AM
8 July 2003 - 00:00 AMT

ԱՄԵՐԻԿԱՆ ԹՈւՐՔԵՐԻՆ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԺԵԼ ՑԵԱՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ

Ամերիկյան եւ թուրքական զինվորների բախումը տեղի է ունեցել իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե քաղաքում: Ամերիկյան ջոկատը քուրդ առաջնորդ Ջալալ Թալաբանի որդու ջոկատի բանակի հետ շրջապատել էր թուրքական զորակայանը: Պաշարման պատճառ էր եղել վստահելի աղբյուրից ստացված տեղեկությունն այն մասին, որ շենքում են գտնվում քրդական Մոսուլ շրջանի նահանգապետի վրա մահափորձի պատրաստվող անձինք: Թուրքերը հրաժարվել են հանձնվել եւ ամերիկացիների վրա կրակ են բացել: Գրոհի արդյունքում շենքը գրավվել է, իսկ կրակահերթ բացած մարդիկ` ձերբակալվել: Նրանց շարքում եղել են 11 թուրք զինվոր եւ նույննքան էլ էթնիկ թուրքերից կազմված անօրինական զինված խմբավորման գրոհայիններ: Ամերիկացիները իրենց ուղեկցող քրդական ջոկատին թույլ են տվել վերահսկողության տակ վերցնել ոչ հեռվում տեղակայված ռադիոյի եւ հեռուստատեսության շենքը: Անկարայի պատասխան քայլերը նմանատիպ կոշտ են եղել: Պաշտոնական մարմինները տեղեկատվության արտահոսք են ապահովել, այն մասին, որ քննարկում են ամերիկյան ռազմական թռիչքների, Ինջիրլիկի ռազմական բազայի փակման հարցերը եւ զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք: Վարչապետ Ռեջեպ Էրդոգանը փորձել է հեռախոսով բանակցել ԱՄՆ-ի նախագահի հետ, սակայն նրան թույլատրել են կապի մեջ մտնել փոխնախագահ Դիկ Չեյնի հետ: Վաշինգտոնի վարչակազմի երկրորդ դեմքը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Սուլեյմանիեում ձերբակալված թուրք զինվորները մեղադրվում են զանգվածային ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ: Այնուհանդերձ, նա խոստացել է հարթել կոնֆլիկտը:

Անկարայում եւ Ստամբուլում ժողովրդական հուզումներ էին սկսվել: Երկու քաղաքներում էլ տարածվել էր հակաամերիկյան հիստերիան: «Մենք ամերիկացիների ստրուկը չենք լինի», «Յանկիներ, կորեք ձեր տները» կարգախոսներով ընթացող ցույցեր են անցել ԱՄՆ-ի հյուպատոսության եւ դեսպանության շենքերի առջեւ: Միամիտ կլիներ կարծել, որ ձերբակալված գերիները ազատվեցին ցուցարարների ճնշումների տակ: Կասկած չկա, որ տեղի ունեցածը նախապես պլանավորված էր, եւ հաստատված սցենարից ոչ մի շեղում չի էլ եղել: Բավականին հիմքեր կան ենթադրելու, որ թուրք զինվորականների ձերբակալման հրամանը տրված է եղել նույն այն մարդու կողմից, ով եւ զբաղվել է նրանց ազատմամբ: Այսպիսով, կարելի է խոսել Վաշինգտոնի լիարժեքորեն գիտակցված գործողությունների մասին, որոնք ուղղված էին թուրքերի նկրտումները ճնշելուն: Կարծես թե, Սպիտակ տանը որոշել են թուրքերին ցույց տալ իրենց տեղը: Եթե դա այդպես է, ապա Սենատում հայերի ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը Պետդեպարտամենտը կօգտագործի հենց այդ նույն նպատակով: Իսկ դա նշանակում է, որ այս անգամ օրինագիծն ընդունելու հնարավորություններն ավելի մեծ են: