AM
14 July 2003 - 00:00 AMT

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ «ՈՉ» ՉԵՆ ԱՍԵԼ

Բավականաչափ հիմքեր կային հուսալու, որ հարցը դրականորեն կլուծվեր: Քչերն էին կասկածում, որ բանաձեւը կհաստատվեր, եթե Սենատի ղեկավարության վրա չլիներ Սպիտակ տան, Պետդեպերտամենտի եւ Պենտագոնի կողմից ճնշումը: Չորեքշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդագոնը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնի հետ, որը խոստացել էր քայլեր ձեռնարկել կասեցնելու հայերի ցեղասպանությունը հիշատակող օրինագծի քննարկումը: Պենտագոնի ղեկավարի օգնական Պոլ Վուլֆովեցը, որը վերջերս աննախադեպ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ղեկավարության հասցեին, նույնպես միացել էր օրակարգից բանաձեւի դուրս բերմանը: Արդյունքում պարզ էր դարձել, որ հարցը չէր լսվի Պետդեպարտամենտի բյուջեի հետ: Ստեղծված պայմաններում հայամետ կոնգրեսականները, լոբբիստականների հետ խորհրդակցելով, հարմար գտան հետաձգել բանաձեւի քննարկումը:

Որքան էլ Կոնգրեսում ուժեղ չլինեն «հայկական խմբի» դիրքերը, նրա հնարավորություններն անհամեմատելի են ադմինիստացիաինի հետ, որը դեռեւս հովանավորում է Անկարային: Իրադրությունն առավել բարդանում է նրանով, որ ներկայիս իշխող կուսակցությունը թե Սենատում, թե Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն է ներկայացնում: Շատ կոնգրեսականներ-հանրապետականներ ընդունում են 1915 թ.-ի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը, սակայն միեւնույն ժամանակ չեն ցանկանում հակադրվել իրենց իսկ կուսակցությունից ձեւավորված վարչակարգին: Այս իմաստով 2000թ.-ը, երբ քննարկվում էր այսպես կոչված «հայկական բանաձեւը», բավականին հաջող էր, քանի որ եւ Սենատում, եւ Ներկայացուցիչների պալատում եղանակը ստեղծում էր Սպիտակ տան քաղաքականությունից դժգոհ ընդդիմությունը:

Անկարայում տոնում են հաղթանակ: Թուրքական մամուլում կարծիք է հայտնվում, որ եթե մինչ այժմ բանաձեւի ընդունման հավանականությունը 90 տոկոս էր, ապա այժմ այն նվազագույնը կրկնակի անգամ իջել է: Հայ լոբբիստները նմանատիպ ենթադրությունները համարում են չարդարացված: Ամերիկայի հայկական ազգային հանձնախմբի վաշինգտոնյան բյուրոյի ներկայացուցիչ Էլիզաբեթ Շուլջյանը հայտարարել է, որ բանաձեւը կվերադառնա Սենատի օրակարգ նոյեմբերից ոչ ուշ: Իսկ մինչ այդ, բացառված չէ, որ հարցը քննարկման առարկա կդառնա Ներկայացուցիչների պալատում: Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Ներկայացուցիչների պալատի միջազգային գծով հանձնաժողովը հավանության էր արժանացրել բանաձեւի նախագիծը եւ առաջարկել էր քննարկել այն պալատի լիակազմ նիստում: Մինչ բանաձեւը կրկնակի քննարկմանը ներկայացնելը Ամերիկայի հայկական ազգային հանձնախումբը եւ Հայկական համաժողովը մտադիր են աշխատանք տանել նոր կոնգրեսակններ ներգրավելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ նախագծին անվերապահորեն աջակցելու մասին հայտնել են միայն 30 օրենսդիրներ: Սակայն կարելի է չկասկածել, որ այս թիվն անպայմանորեն կաճի: Կոնգրեսի «հայկական խումբն» այսօր արդեն կազմված է 120 անդամից, որը հավասար է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընդհանուր թվի մեկ երրորդին: