AM
21 July 2003 - 00:00 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈւՄ Է ՕՋԱԼԱՆԻ ՀԵՏԵւՈՐԴՆԵՐԻՆ

«Անադոլի» լրատվական գործակալության մեկնաբանների հետ հանդիպման ժամանակ Պիրսոնը հայտարարել է, որ ՔԲԿ-ի ղեկավարների հետ բանակացությունների ընթացքում ամերիկյան դիվանագետներն իրենց գործողությունները համակարգում են Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության քայլերին համապատասխան: Սա, ըստ էության, նշանակում է, որ Անկարան միջնորդավորված կապի մեջ է մտնում քուրդերի առաջնորդների հետ եւ բանակցությունների կողմ է ճանաչում ՔԲԿ-ին: Կառավարության պահվածքը հակասում է թուրքերի մինչ այժմ վարած քաղաքականությանը: Դեռեւս 20 տարի առաջ թուրքերը ՔԲԿ-ն հայտարարեցին ահաբեկչական կազմակերպություն: Այժմ արդեն Վաշինգտոնը պնդում է, որ թուրքերը ՔԲԿ-ն ընդունեն որպես քաղաքական ուժ եւ հաշվի նստեն նրա դիրքորոշման հետ: Ընդդիմադիրները ենթադրում են, որ Ռեջեբ Էրդագոնը հակված է ենթարկվել ամերիկացիների ճնշմանը եւ հարաբերությունների հետ մտնել նախկին պարտիզանների հետ, որոնց թուրքերն համարում են ահաբեկիչներ: Հիշեցնենք, որ քրդերի ապստամբության դեմ կռիվներում զոհվել է շուրջ 30 հազար թուրք: Ընդդիմությունը պահանջում է նրանց հիշատակը չարատավորել եւ ոչ մի դեպքում քուրդերի հետ չնստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ամերիկացիները չեն թաքցնում այն փաստը, որ աշխատանք են տանում ՔԲԿ-ի հարցի քաղաքականացման ուղղությամբ, որը խիստ անբարենպաստ է Անկարայի համար: Պետդեպարտամենտը քրդերին առաջարկում է զենքը վայր դնել եւ ձեւավորել լուրջ քաղաքական կառույցներ, փորձել մեխանիզմներ մշակել իրենց առջեւ ծառացած խնդիրների իրավական լուծմումներ գտնելու համար: Սրանում Վաշինգտոնը ՔԲԿ-ին խոստանում է աջակցել: Հայտնի է, որ միայն վերջին ամսում երեք հանդիպում է տեղի ունեցել ամերիկյան դիվանագետների եւ ՔԲԿ-ի ղեկավարների միջեւ: Ընդ որում, դրանցից մեկին մասնակցել է Օսման Օջալանը` կուսակցության հիմնադրի հարազատ եղբայրը: Ապրիլին թուրքական հատուկ ծառայությունները Անվտանգության խորհրդին էին ներկայացրել ամերիկացիների եւ քուրդերի միջեւ հարաբերություններին առնչվող հաշվետվություն: Նրանց տվյալներով, եթե ՔԲԿ-ի առաջնորդներն ընդունեն Վաշինգտոնի առաջարկը, ապա նրանք զենքը վայր կդնեն, իրաքյան անձնագրերը կփոխարինեն թուրքականով եւ արդեն հաջորդ քաղաքային ընտրություններին կփորձեն Թուրքիայի արեւելյան շրջանների իշխանությունն իրենց ձեռքը վերցնել: Հայտնի է, որ ՔԲԿ-ի 5000 զինվորներից շուրջ 1000-ն արդեն հանձնել է զենքը: Քրդական բանվորական կուսակցության երկու բազաներն արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը: Նախկին պարտիզանները համաձայն են զբաղվել քաղաքականությամբ: Այսպիսով, բոլոր քայլերը տանում են նրան, որ Վաշինգտոնին կհաջողվի իրականացնել նախատեսված սցենարը, եւ այդժամ Թուրքիան նոր գլխացավ կունենա, որից դժվար թե հնարավոր լինի ազատվել զենքի ուժով: