Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 75-րդ ընտրատարածքի թափուր պատգամավորական տեղի համար ընտրությունները կկայանան մայիսի 19-ին: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքի կողմից պատգամավոր էր ընտրված Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայկական համազգային շարժման» նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանը, որը զրկվել էր պատգամավորական լիազորություններից անցյալ տարվա դեկտեմբերին` խորհրդարանի 219 նիստերից անհարգելի բացակայելու պատճառով: (Համաձայն օրենքի, եթե պատգամավորը անհարգելի պատճառներով ներկա չի գտնվում խորհրդարանական նստաշրջանի նիստերի երկու երրորդին, ապա նա զրկվում է իր լիազորություններից): Ինչպես հայտնի է, ներկայումս Սիրադեղյանը թաքնվում է: Նա մեղադրվում է ծանր հանցագործություններում, այդ թվում նաեւ սպանություններ կազմակերպելու մեջ: Մեկուկես տարի առաջ հայտարարված միջազգային փնտրուքը ոչ մի արդյունք չտվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանն այսօր հայտարարել է, որ օրենքը չի խանգարում Սիրադեղյանին կրկին առաջադրել իր թեկնածությունը 75-րդ ընտրատարածքում առաջիկա ընտրությունների ժամանակ: Նախընտրական ողջ գործընթացում նրան կարող է ներկայացնել լիազորված անձը, որը պատգամավորի թեկնածուից ունի պաշտոնական լիազորագիր: Առայժմ տեղեկություն չկա` մտադի՞ր է արդյոք Սիրադեղյանը առաջադրել իր թեկնածությունը նոր ժամկետով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: