Դիտելով Euronews-ի փետրվարի 1-ի «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականնեի ճամբարում» հաղորդումը, Մալթայի հայկական համայնքը իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել: «Մենք գտնում ենք, որ կոռեկտ չէ միակողմանի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերը եւ առավել եւս հավանություն տալ եւ հեռարձակել պատերամզ սկսելու կոչերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Համայնքի ներկայացուցիչները նաեւ հույս են հայտնել, որ Եվրոպայի ամենահարգված ու հանդուրժողականությամբ հայտնի հեռուստաալիքներից մեկը առավել ուշադիր եւ կոռեկտ կգտնվի նման ռեպորտաժներ հեռարձակելիս, հատկապես հաշվի առնելով ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները: «Մենք վստահ ենք, որ նույնսիկ փոփոխությունները ալիքի բաժնետերերի կազմում չպետք է ազդեն հեռուստաալիքի աշխատանքի վրա, եւ նա պետք է մնա օբյեկտիվ ու անաչառ, որպիսին միշտ եղել է», -ասվում է Մալթայի հայ համայնքի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: