Վրաստանի նախագահ Էդուրարդ Շեւարդնաձեն այսօր հաստատել է, որ հրաժարվում է առաջադրվել 2005 թվականին նախագահության երրորդ ժամկետի համար: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, նա հանդես է եկել սահմանադրության այն դրույթների փոփոխման դեմ, որոնք արգելում են նույն անձին երրորդ անգամ ընտրվել երկրի բարձրագույն պաշտոնում: Հիշեցնենք, որ Է.Շեւարդնաձեն ընտրվել է այդ պաշտոնում 1995 եւ 2000 թվականներին: «Դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե որտեղ ես կապրեմ նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Մի անհանգստացեք ինձ համար, ժամանակը կգա, ես ինքս կորոշեմ, թե որտեղ պետք է ապրեմ` Թբիլիսիյում, Մոսկվայում, Վաշինգտոնում, թե իմ հարազատ Մամատի գյուղում»,-ասել է Վրաստանի ղեկավարը: