AM
26 Հունվար 2010 - 07:26 AMT

ՀՀ ՍԴ որոշումը վերջնական եւ ուժի մեջ մտած դատավճիռ է

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների մեջ ներառված հարցերի հայկական կողմի իրավական ըմբռնումը` ՀՀ սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի, հիման վրա: Այդ մասին հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ես համաձայն եմ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի խոչընդոտում արձանագրությունների վավերացմանը: ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրությունների նպատակն ու առարկան (object and purpose), այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, ինչպես նաեւ դրանցով ստանձնվող պարտավորությունները, չեն հակասում ՀՀ սահմադրությանը եւ օրենքներին: Պարզապես Սահմանադրական դատարանը հստակեցնում է հայկական կողմի դիրքորոշումն արձանագրությունների մեջ ներառված այլ հարցերի նկատմամբ եւ այդ հարցերի նկատմամբ հայկական կողմի ըմբռնումներին տալիս է իրավական ձեւակերպումներ»,-ասել է Արա Պապյանը:

Ըստ նրա, պարոն Գորդոնին պետք է հիշեցնել մի քանի հանգամանք: Առաջին. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական եւ ուժի մեջ մտած դատավճիռ է: Երկրորդ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, ինչպես ամերիկացիների համար ԱՄՆ-ի սահմանադրական դատարանի որոշումը, անսակարկ ու պարտադիր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար` ներառյալ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների: Երրորդ. Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջական փաստաթուղթ է, որտեղ իրավական դիրքորոշումն ունի նույնքան իրավական ուժ, որքան եզրափակիչ մասը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: «Դատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպես դրական առաջքայլ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բնականոնացման արձանագրությունները վավերացնելու գործընթացի առումով:


Դատարանի որոշումը թույլ է տալիս արձանագրություններն առաջ մղել դեպի խորհրդարանական վավերացում եւ չի թվում, որ դատարանի որոշումը որեւէ բանով սահմանափակում կամ պայմանավորում է դրանք»,-հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը` ընդգծելով, որ դատավճիռը հնարավորություն է տալիս ներկայացնել Արձանագրությունները խորհրդարան այն տեսքով, որով ստորագրվել են: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան կկատարեն ստանձնած պարտավորությունները` հավելելով, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին շուտափույթ կերպով վավերացնել Արձանագրությունները:

«Մեր դիրքորոշումն այս հարցում նույնն է մնում: Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որոնք խաղաղություն ու կայունություն կբերեն Կովկաս: Կարեւոր է, որ կողմերը կենտրոնանան այն բանի վրա, ինչը թույլ է տալիս առաջ շարժվել»,-ասել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը: