AM
26 Հունվար 2010 - 10:12 AMT

ԼՂՀ-ի վերադարձը բանակցային գործընթաց կփոխի խաղի կանոնները

Այն ակնկալիքներն, որ կային Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից, արդարացան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Հակոբյանը գնահատել է 2010թ. որպես գործնական քայլերի տարի: Ըստ նրա, 2009թ. նախապատրաստական փուլ էր այդ քայլերի իրագործման համար:

Ընդ որում, անդրադառնալով նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությանը, Հակոբյանն ասել է, որ թեեւ հայտնի չէ, թե ինչ սկզբունքներ են ընդգրկված ներածական մասում, կարելի է ենթադրել, որ այնտեղ ձեւակերպվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա կարգավորվելու է հակամարտությունը: Ըստ նրա, այդ սկզբունքները վերցված են Մադրիդյան սկզբունքներից: «Եվ եթե դա ձեւակերպենք, ապա ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է երկու միջազգային նորմերի` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Ես կարծում եմ, որ դա գրանցվելու է ներածության մեջ»,-ասել է Հակոբյանը: Ընդ որում, նա նշել է, որ չի կարծում, թե ներածության մեջ որոշակի ժամկետ կամրագրվի: «Հավանաբար, կլինի ամրագրված հաջորդականություն»,-ասել է Ռուբեն Հակոբյանը:

«Հայկական կողմի համար նվաճում կարելի է համարել այն, որ Արցախը վերջապես կմասնակցի բանակցություններին: Թեեւ դժվար է ասել, թե ինչ կարգավիճակով Լեռնային Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնվի, որ հայկական պատվիրակությունը 2 ձայնի իրավունք ունենա»,-ասել է Ռ.Հակոբյանը` հավելելով, որ այն փաստը, որ ԼՂՀ-ն մասնակցելու է բանակցություններին, արդեն իսկ նվաճում է:

«Արցախի վերադարձը բանակցային գործընթաց լիովին կփոխի խաղի կանոնները»,-ասել է Հակոբյանը` հավելելով, որ ԼՂՀ-ն կարող է գործող անձ դառնալ այս գործընթացում:

Հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: