Վերջին երկու տասնամյակում Հայաստանի ե'ւ ներքին, ե'ւ արտաքին կյանքը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքերի համաձայն, այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին, կապված են ղարաբաղյան հիմնախնդրի հետ եւ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր շարժում ազդում է երկրի ներքին քաղաքականության վրա: Միաժամանակ նա նկատել է, որ եթե ղարաբաղյան հակամարտության գործընթացում դրական տեղաշարժ լինի, ապա այն որոշակի փոփոխություններ կմտցնի երկրի ներքաղաքական զարգացման մեջ:
Հակոբյանը հայտնեց, որ չի կիսում որոշ քաղաքագետների կարծիքն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր շարժում կարող է բարձրացնել իշխանափոխության հարց: «Հայաստանում չկա այդպիսի ներուժ: Երկիրը շատ թույլ «իմունահամակարգ ունի», – նշել է Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հակոբյանն ասաց, որ տարածաշրջանում գերտերությունների շահերը կողմերի համար պարտադիր գործոն են: «Այդ գործոնի հիման վրա ես ղարաբաղյան հակամարտության տեղաշարժ եմ տեսնում: Ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան, ո'չ Ադրբեջանը պատրաստ չեն շատ քայլերի իրականացման», – ասել է նա, ավելացնելով, որ գերտերությունները շահագրգռված են այդ գործընթացներով եւ չեն թաքցնում, որ թույլ չեն տա այդ հարցերի սառեցում:
Նա նաեւ նշել է, որ հնարավոր է մեկ տարվա ընթացքում տարածաշրջանի կարգավիճակը որոշակիորեն փոխվի:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:
Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:






