Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպումը ոչնչով չէր տարբերվում մնացած հանդիպումներից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Նրա խոսքով, ինչպես այժմ, այնպես էլ նախքան Մայնդորֆյան հանդիպումը շատ իրարանցում կար, սակայն, ի վերջո, «հույսերը չարդարացվեցին»: Ինչպես նշեց խորհրդարանականը, Ադրբեջանը պետք է հասկանա, որ Ղարաբաղը երբեք չի դառնա նրա մի մասը, եւ որ Ղարաբաղը պետք է մասնակցի իր ճակատագրի որոշմանը: «Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին միայն կամրապնդի մեր դիրքերը բանակցային գործընթացում»,- հայտնեց Հրայր Կարապետյանը:
ՀՅԴ-ից պատգամավորը բացառեց այն հնարավորությունը, որ Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան կարգավորման հարցում կշարժվի նույն ճանապարհով, ինչ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` Հրայր Կարապետյանը հայտնեց, որ որոշումը քաղաքական փաստաթուղթ է, եւ ՀՀ ԱԺ-ն չի կարող շրջանցել ՍԴ վճռի իրավական հիմնավորումը:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կայացավ Սոչիում: Ինչպես հայտնեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանն ու Ադրբեջանը կպատրաստեն իրենց առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին փաստաթղթի վերաբերյալ: Նրա խոսքով, նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությունը համաձայնեցված է:
Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը:
Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»:
Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը: Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:






