AM
4 February 2010 - 09:48 AMT

Հնդկաստանի կառավարությունը վերանորոգում է Լոռու մարզի Արծնի համայնքի դպրոցը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Արծնի համայնքում իրականացնում է դպրոցաշինական ծրագիր: Հիմնանորոգվում է գյուղի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին:

Վերահատակագծված մասնաշենքում փոխվել է տանիքը, տեղադրվել են դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատունը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում մանրահատակի տեղադրումն ու ներքին հարդարումն սկսելու ուղղությամբ:

Դպրոցի տնօրեն Մարիետա Առուստամյանի խոսքով` վաղուց արդեն վթարային վիճակում հայտնված դպրոցում ուսումնառությունը դարձել է թույլ եւ անհրապույր: Նա հույս հայտնեց, որ նոր պայմաններում աշակերտներն արդեն հաճույքով կհաճախեն դպրոց եւ կունենան բարձր առաջադիմություն: Տնօրենն իր խորին շնորհակալությունը հայտնեց Հնդկաստանի կառավարությանը:

«Գյուղացին այսօր համայնքում տեսնում է շինարարություն, ինչը նրան հույս է ներշնչում, թեեւ` գյուղում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված»,- մեզ հետ զրույցում ասաց Արծնի համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը:

«Հայ-հնդկական դպրության ավանդույթը սկիզբ է դրվել 17-րդ դարից, եւ ուրախալի է, որ այն շարունակվում է նաեւ մեր օրերում: Այս գեղեցիկ ձեռնարկը եւս մեկ քայլ է` ուղղված հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:


« Հնդկաստանն Արծնիի համայնքի դպրոցի հիմնանորոգմանն օժանդակում է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում: Սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ Հայաստանի` երկրի զարգացմանն ուղղված ջանքերում, Հնդկաստանը պատրաստ է լինել Հայաստանի վստահելի գործընկերը: Մենք համոզված ենք, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա ուսման համար բարենպաստ պայմաններ»,- ասում է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ նախագահի հրամանագրով 1992թ. մարտին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ այն կառույցը, որն արդյունավետ լուծումներ է գտնում երկրում ծառացած խմդիրներին եւ հնարավորություն տալիս յուրաքանչյուր հայի` իր անձնական ներդրումն ունենալ Հայաստանի ու Արցախի վերածննդի գործում: Հիմնադրամի օժանդակությունից զերծ չմնացին նաեւ երկրաշարժից ավերված գյուղերն ու քաղաքները եւ պատերազմից տուժած արցախյան բնակավայրերը: Հայրենիքի համար ռազմավարական նշանակության ծրագրերը որոշվում են Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի` Հոգաբարձուների Խորհրդի կողմից: Ըստ կանոնադրության` Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ Նախագահն է: 1996 թվականից սկսած Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոններ է անցկացնում: «Հայաստան» հիմնադրամը արդեն իսկ 700 ծրագիր է իրագործել: