AM
9 January 2002 - 18:30 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԱԶԱՏԵԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Մարդու իրավունքների կոմիտեի նիստը Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատելու մասին կոմիտեի անդամների ներկայացրած պահանջի պատճառով: Ինչպես հաղորդել է Բաքու վերադառնալուն պես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովը, Կոմիտեի անդամների մեծամասնությունը հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի կողմից ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատագրման վերաբերյալ բանաձեւ ընդունելու օգտին: Ի պատասխան Սեիդովը հնչեցրել է ադրբեջանական պատվիրակության բողոքի հայտարարությունը, որից հետո պատվիրակության անդամները ցուցադրաբար լքել են դահլիճը: Դրանից հետո որոշվել է հիմնախնդրի քննարկումը տեղափոխել ԵԽԽՎ Բյուրո: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները` Ադրբեջանի գծով զեկուցող Ժորժ Քլերֆայթը ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների 5-6 ցուցակ: Քաղբանտարկյալների թիվը այդ ցուցակում հասնում է 500-ի: Մինչեւ, հունվարի 24-ին նախատեսված, ԵԽԽՎ-ի նստաշրջանի սկիզբը, կկյանա Բյուրոյի երկու նիստ` հունվարի 14-ին եւ 21-ին, սակայն պարզ չէ, թե դրանցից որի ընթացքում կքննարկվի ադրբեջանցի քաղբանտարկյալների հիմնահարցը: Այնինչ, պաշտոնական Բաքվի տրամադրությունները այդ կապակցությամբ բավականին հոռետեսական են: Դիվանագետների կարծիքով, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անուները, ԵԽԽՎ Բյուրոն ամենայն հավանականությամբ կպաշտպանի բանաձեւի նախագիծը «քաղբանտարկյալների անվերապահորեն ազատագրման մասին» ձեւակերպմամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: