AM
2 February 2010 - 14:59 AMT

ՀՀ Անվտանգության խորհուրդն ու ՄԱԿ Զարգացման ծրագիրը միասին կաշխատեն Հայաստանում աղետների կանխման ուղղությամբ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ճգնաժամերի կանխարգելման եւ վերականգնման բյուրոյի պատվիրակությանը Նեյջլ Քալսոնի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո ծառայությունը, Նեյջլ Քալսոնը ներկայացրել է ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի նպատակը, այն է` իրականացնել Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կազմակերպությունների կարողությունների գնահատում, մշակել աղետների կանխարգելման գործողությունների ծրագիր` ներառելով առաջարկներ Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում նշված ոլորտում առկա իրավիճակի եւ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է բնական աղետների նկատմամբ բարձր ռիսկային գոտում, ուստի այս ոլորտում բարեփոխումները պետք է խորացվեն: Եթե ճգնաժամերի կառավարման արդյունավետ համակարգ ձեւավորվի, հնարավոր կլինի լավ արդյունքներ գրանցել:

«Անհրաժեշտ է միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել այս ոլորտում որոշակի ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանում հաջողված փորձը կարող է տարածվել տարածաշրջանի այլ երկրների վրա»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը: