Հայկական բանակի կազմավորումն ու կայացումը պատմական ձեռքբերում է, որն իրականություն դարձավ: Այդ մասին ասվում է Հայկական բանակի օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: «Հայկական պետականության ու հայկական բանակի բացակայության պայմաններում մենք շատ բարձր գին վճարեցինք` սկսած միջնադարից մինչեւ 1915 թվականը, մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու: Հայկական բանակը հայ ազգի արժանապատվությունն է»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:
Ինչպես նշվում է ուղերձում, Հայկական բանակը շարունակում է զարգանալ ու հզորանալ եւ այսօր այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ։
«Առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն եւ՝ խաղաղություն ու կայունություն։ Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպանությամբ։ Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ»,- ընդգծվում է ուղերձում:
Դիմելով զինծառայողներին` նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր նրանք հուսալիորեն կանգնած են ցանկացած ոտնձգության դեմ։ Եվ որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից: Չհասկանալ սա առնվազն միամտություն է»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին:
1992թ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: 1992թ. հուլիսից Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի անդամ է: Պայմանագրով սահմանափակում է մտցվում սովորական սպառազինութայն այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են տանկերը, հրետանին, զրահատեխնիկան, մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, եւ նախատեսում է սահմանափակել զորքերի քանակը:
1991թ-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը:






