AM
1 Փետրվար 2010 - 16:27 AMT

ԵԽԽՎ-ն չի դադարեցրել Վեհաժողովում հայկական պատվիրակության մանդատները

«Հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ, իբր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) դադարեցրել է հայկական պատվիրակության մանդատները, չէր համապատասխանում իրականությանը»,- ՀՀ խորհրդարանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով, իրականում հայկական պատվիրակության կազմի հաստատման ձգձգումը գործընթացային խնդրի հետ էր կապված: «ԵԽԽՎ կանոնադրության համաձայն, եթե պատվիրակության կազմը վիճարկվում է 10 պատգամավորների կողմից, հարցն ինքնաբերաբար համապատասխան հանձնաժողով է փոխանցվում քննարկման համար, ինչը եւ տեղի ունեցավ մեր պատվիրակության հետ»,- նկատեց նա:

Հարությունյանը նաեւ ավելացրեց, որ հայկական պատվիրակության կազմի հաստատման հարցի քննարկման արդյունքում ԵԽԽՎ ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի գծով հանձնաժողովը որոշում ընդունեց` հաստատել պատվիրակության կազմը:

Հայկական պատվիրակության մանդատները բողոքարկվել էին Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) բյուրոյի կողմից, որը ԵԽԽՎ-ում երեք ձայն ունի: Նման հարցադրման հիմք էր դարձել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունը, որի համաձայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը չէր ներգրավվել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:

Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:

Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է: