Հայաստանի նախագահի պահակախմբի ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանի դեմ Երեւանում սկսվել է դատական գործընթաց, որը մեղադրվում է Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին անզգուշաբար սպանելու մեջ: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը երեւանյան «Առագաստ» սրճարանում տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքում մահացել է Պողոս Պողոսյանը: Մահվան պատճառը եղել է գանգ-ուղեղային վնասվածքը: Սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են այլ վնասվածքներ: Պատահարի վկա Ստեփան Նալբանդյանի ցուցմունքներով` Պողոսյանը դաժանորեն ծեծի է ենթարկվել իրեն անհայտ մարդկանց կողմից, այն բանից հետո, երբ հարեւան սեղանին հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի հետ նստած նախագահ Քոչարյանի հասցեին թույլ է տվել անհարգի բացականչություն: Երեկ տեղի ունեցած նիստում մեղադրյալ Աղամալ Հարությունյանը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչելուց:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: