Չարդարացվեցին այն կանխատեսումները, որ ԱՄՆ նախագահը մինչեւ 2001 թվականի վերջը կօգտվի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու կոնգրեսի կողմից իրեն տրված իրավունքից: Ջորջ Բուշը մինչ այժմ չի ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ, դատելով Վաշինգտոնից եւ Բաքվից ստացվող տեղեկատվություններից` մոտակա ժամանակաշրջանում չի պատրաստվում այդ անել: Բաքվի աղբյուրները տեղեկացնում են, որ ամերիկյան նախագահի զգուշավորությունը պայմանավորված է Ադրբեջանի Եվրախորհրդի լիիրավ անդամ դառնալու կարգավիճակից զրկվելու հեռանկարներից: Ինչպես հայտնի է, ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորներից շատերը, որոնք ներկայացնում են Արեւմտյան Եվրոպան, հանդես են եկել այդ կազմակերպությունում Ադրբեջանի անդամության դադարեցման նախաձեռնությամբ, քանզի պաշտոնական Բաքուն չի կատարել իր հանձն առած պարտավորությունների զգալի մասը: ԱՄՆ նախագահը անհարմար կացության մեջ կնկնի, եթե Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների կիրառման դադարեցումից հետո այդ երկիրը վտարվի Եվրախորհրդից: Բաքվի որոշ մեկնաբանների կարծիքով, Բուշը ժամանակ է ձգում` սպասելով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցի վերաբերյալ ԵԽԽՎ վերջնական որոշմանը: Բաքվում լույս ընծայվող «Զեռկալո» թերթը տվյալներ ունի այն մասին, որ «ամերիկյան դիվանագետները մի կողմից պաշտոնական Բաքվին դրդում են կատարել պարտավորությունները, իսկ մյուս կողմից փորձում են համոզել Արեւմտյան Եվրոպայի իրենց դաշնակիցներին Ադրբեջանի հանդեպ չափազանց խիստ պատժամիջոցների կիրառման աննպատակահար լինելում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: