«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2009-ի հոկտեմբերից մեկնարկել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ չգործող հին ջրամբարի վերանորոգման աշխատանքները, հաղորդում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համատեղ հովանավորությամբ:
Արդեն պատրաստ է 7,6 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցը, իսկ փետրվարին կսկսվի հին ջրամբարի վերանորոգման եւ բաժանարար հորերի կառուցման աշխատանքները:
«Բազմաթիվ համայնքներ Հայաստանում եւ Արցախում, ցավոք, մինչ օրս ջրի խնդիր ունեն: Ուրախալի է, որ ավարտին հասցնելով այս ծրագիրը` եւս մեկով կպակասի նման խնդիր ունեցող գյուղերի թիվը»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Սոս համայնքի ղեկավար Իգոր Ղահրամյանի խոսքով` հնամյա գյուղի բնակիչներն օգտվում են համայնքի միակ ջրհորից, որը քարուքանդ վիճակում է եւ ջուրը պիտանի չէ խմելու համար: «Ջուրը գյուղացուն հողի հետ կապող ամենամուր օղակն է, եւ միայն ջուր լինելու դեպքում գյուղացին կարող է մտածել կենցաղային իր մյուս խնդիրների մասին»,- ասում է գյուղապետը:
2009-ին Հիմնադրամը ջրամատակարարում է ապահովել շրջանի Բերդաշեն եւ Սպիտակաշեն գյուղերում: Դպրոցաշինական ոլորտում ընթացքում են Գիշի եւ Ճարտար գյուղերի դպրոցների կառուցման աշխատանքները: Վերջերս շահագործման հանձնվեց Սպիտակաշենի նոր դպրոցը:
«Մեր մարդասիրական գործունեության կենտրոնում Արցախի բնակչության համընդհանուր բարեկեցությունն է, սակայն հատուկ ուշադրություն ենք դարձնում համայնքների ջրամատակարարմանն ու երեխաներին առնչվող ծրագրերին», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ նախագահի հրամանագրով 1992թ. Մարտին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ այն կառույցը, որը արդյունավետ լուծումներ է գտնում երկրում ծառացած խմդիրներին եւ հնարավորություն տալիս յուրաքանչյուր հայի` իր անձնական ներդրումն ունենալ Հայաստանի ու Արցախի վերածննդի գործում: Հիմնադրամի օժանդակությունից զերծ չմնացին նաեւ երկրաշարժից ավերված գյուղերն ու քաղաքները եւ պատերազմից տուժած արցախյան բնակավայրերը: Հայրենիքի համար ռազմավարական նշանակության ծրագրերը որոշվում են Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի` Հոգաբարձուների Խորհրդի կողմից: Ըստ կանոնադրության` Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ Նախագահն է: 1996 թվականից սկսած Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոններ է անցկացնում: «Հայաստան» հիմնադրամը արդեն իսկ 700 ծրագիր է իրագործել: