AM
16 June 2003 - 15:35 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ

2002 թվականին Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում հաշվվում էր մոտ 570 հազար հարկադիր բնակափոխ անձ, որոնցից 250 հազարը բնակվում են փախստականի կարգավիճակով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի սայթը, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիստոֆեր Սմիթը` հանդես գալով ԱՄՆ Հելսինկյան կոմիտեում լսումների ընթացքում: Նրա խոսքերով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի կառավարությունը չի ցանկանում այդ մարդկանց ինտեգրումը հասարակությանը, ուստի եւ թույլ չի տալիս նրանց դուրս գալ բնակության համար վատ հարմարեցված ճամբարների սահմաններից: Ըստ էության, փախստականները դարձել են այդ «սառեցված» հակամարտության քաղաքական պատանդները, քանի որ նրանց վերաբնակեցումը Ադրբեջանի համար կնշանակեր «Լեռնային Ղարաբաղի հանձնում», նշել է կոնգրեսականը: