Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային Խորհրդի պատգամավոր Խորեն Սարքսյանը հրապարակել է, ամերիկյան Քի-Վեսթ քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված, ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Սարքսյանը նշել է, որ համաձայն Փարիզում եւ Քի-Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների, Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Բացի դրանից, Շուշի քաղաքը մերձակա վեց գյուղերով, փաստաթղթի համաձայն, պետք է ուղղակիորեն վերաենթարկվեր Ադրբեջանին: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Լաչին քաղաքը պետք է դառնար տարանցիկ միջանցք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ: Նախատեսվում է, որ այս տեղամասը կվերահսկվի միջազգային խաղաղարար ուժերի կողմից: Պատգամավորը ընդգծել է, որ նմանատիպ միջոցներ նախատեսվում է կիրառել նաեւ Մեղրի քաղաքի հանդեպ, որը պետք է տարանցիկ տերիտորիա դառնա Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: