Ինչպես հաղորդում է «Strana.ru» ռուսաստանյան ինֆորմացիոն ինտերնետ-պորտալը, Անկարան եւ Թբիլիսին պայմանագիր են ստորագրել, համաձայն որի թուրքական ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն Վրաստանում Մառնեուլիի օդանավակայանում: 2001 թվականին այդ օդանավակայանը Թուրքիայի կողմից համապատասխանեցվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ: Այն կարող է ընդունել ցանկացած տիպի ինքնաթիռներ, այդ թվում եւ կործանիչ ավիացիա ու ծանր ռմբակոծիչներ: Այդ օբյեկտի շահագործման հանձնելուն պես ուղղակի հնարավորություն է ստեղծվում Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ռազմական բազաները տեղադրելու համար:«Strana.ru»-ն գրում է, որ գտնվելով Հայաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ, օդանավակայանը սպառնալիք է ներկայացնում այդ երկրի անվտանգության համար:
Նույն աղբյուրի տվյալներով, Բաքուն եւ Անկարան նախատեսում են վրաց-թուրքականին համանման պայմանագիր ստորագրել 2002 թվականին, երբ կհանվեն ԱՄՆ-ի ու միջազգային հանրության կողմից ընդունված սահմանափակումները Ադրբեջանին ու Հայաստանին զենք առաքելու հարցում: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Մառնեուլիյում ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների տեղակայման մասին թուրք-վրացական պայմանագրին: Սակայն պաշտպանության նախարարությունում ոչ պաշտոնական աղբյուրներից «Strana.ru»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ Վրաստանում թուրքական ինքնաթիռների տեղակայումը սպառնալիք կհանդիսանա Ռուսաստանի շահերի համար, քանի որ հայտնի է, որ «թուրքական ազգայնական կազմակերպությունները աջակցել են եւ կաջակցեն չեչեն անջատողականներին»: Ինֆորմացիոն պորտալը հաղորդում է, որ «Հյուսիսային Կովկասում կռվող անջատողականներին վարժեցրել են Կիպրոսի Թուրքիայի կողմից զավթված մասում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: