Փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է <b>«ART-EXPO 2010»</b> ամենամյա երկրորդ ցուցահանդեսը: Ավելի քան 50 մշակութային եւ հասարակական կազմակերպություններ ներկայացրել են անցած տարվա իրենց նվաճումները:
Կազմակերպիչների խոսքերի համաձայն, այս ցուցահանդեսը մի հնարավորություն է հասարակությանը հայկական արվեստի նվաճումները ներկայացնելու, միջազգային նոր կապեր հաստատելու եւ էլ ավելի խորացնելու մշակութային համագործակցությունը հայկական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ:
«ART-EXPO 2010» ցուցահանդես է այցելել նաեւ Հայաստանի նախագահ <b>Սերժ Սարգսյանը</b>:
«Այս ցուցահանդեսը կօգնի Հայաստանի պետական եւ մասնավոր մշակութային կազմակերպություններին` համագործակցել եւ ցույց կտա, թե մեր արվեստի ինչ գործեր կարող ենք արտասահման տանել ցուցադրելու: Մենք առայժմ բարձր որակ չենք կարողանում ապահովել, նաեւ մեզ համար դեռեւս չլուծված խնդիր է ամեն ինչը դիտելի դարձնելը: ART-EXPO ցուցահանդեսն այդ խնդիրը կարող է լուծել, քանի որ այն ամենը, ինչ մենք արտադրում ենք, մեծ լսարանի համար է», – ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նաեւ նշել է, որ մասնակիցների թիվը մոտ երկու անգամ ավելացել է: «Մենք նույնիսկ նկատել ենք, որ որոշ մասնակիցներ վիճում էին իրենց տաղավարները տեղադրելու տեղի համար, ինչը, մեզ ուրախացրել է, քանի որ դա խոսում է ցուցահանդեսին արժանապատվորեն մասնակցելու նրանց շահագրգռված լինելու մասին», – ընդգծել է մշակույթի նախարարը:
Երկօրյա ցուցահանդեսի երկրորդ օրը ռուս կինոռեժիսոր, «Ջուր» եւ այլ ֆիլմերի հեղինակ Սաիդա Մեդվեդեւան վարպետության դասեր կանցկացնի: