Փետրվարի 12-ին ՀՀ <b>Ազգային խորհրդում</b> սկսվեցին «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրինագծի լսումները: Ինչպես հաղորդւոմ է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից, ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀ ԿԲ փոխնախագահ <b>Վաչե Գաբրիելյանը</b> ասել է, որ հատելով Հայաստանի սահմանը` օտարերկրացիները ապահովագրական պոլիսներ ձեռք կբերեն իրենց ավտոտրանսպորտային միջոցների համար, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ քաշքշուկից ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում:
Իր հերթին ՀՀ ԱԺ առողջապահության մշատկան հանձնաժողովի նախագահ <b>Արա Բաբլոյանը</b> նշել է, որ օրենքը կպարզեցնի տուժածի առողջությանը հասցված վնասի հատուցման կարգը: Բացի այդ, ըստ նրա, ապահովագրական ընկերությունը պարտավոր կլինի փոխհատուցել նաեւ այն վնասը, որի դեպքում տուժածի բուժումը ՀՀ-ում անհնար կլինի եւ կպահանջվի բուժումը կազմակերպել արտերկրում:
Քննարկվել է նաեւ վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի ներկայացուցչի այն հարցը, թե ինչպես պետք է լինի փոքր ՃՏՊ-ի դեպքում, երբ չի լինում իրավապահների միջամտություն: Վ.Գաբրիելյանը պարզաբանել է, որ կողմերը կարող են համաձայնգիր կնքել եւ հղել այն իրենց ապահովագրական ընկերություններին, որի հիման վրա էլ միջադեպը կլուծվի:
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրինագծին: Օրինագծով նախատեսվում է ստեղծել Ապահովագրական բյուրո, որը կորոշի ապահովագրության սակագներն ու այն վնասի հատուցման չափը, որը հասցվել է գույքին կամ մարդուն: Սեփականատերին հասցված վնասը կգնահատվի 2 մլն դրամ, մեկ մարդուն հասցված վնասը` 4 մլն դրամ, 2 եւ ավելի մարդկանց` 9 մլն դրամ: Տարեկան ապահովագրման արժքեը միջինը կկազմի 30 000-38 000 դրամ:
Այդ օրինագծով սահմանվել են ավտոապահովագրման 2 համակարգ` 8 ռիսկային ցուցանիշներից կազմված համակարգը, որի նպատակն է ապահովագրական պոլիսի չափի որոշումը, եւ bonus-manus համակարգը, որը հաշվի է առնում վարորդի պատմությունը` ըստ նրա իրավախախտումների քանակի որոշվում է վարորդի պրոֆեսիոնալիզմը: