AM
8 Փետրվար 2010 - 13:18 AMT

Հայաստանի նախագահը կհանդիպի Եղիսաբեթ Երկրորդի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երեւան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում): Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է Նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում: Իր ելույթում Հայաստանի Հարապետության ղեկավարը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին:

Նախագահ Սարգսյանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը:

Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: