Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՏՄՊՊՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է «Արգո Ֆարմ» ընկերության վարչական բողոքը:
«Արգո Ֆարմը» դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որը եւս սեպտեմբեր-նոյեմբերին միաժամանակյա (որոշակի ժամանակահատվածում) չհիմնավորված բարձրացրել է հակավիրուսային, սիրտ-անոթային եւ շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի իրացման գները: Հակամրցակցային համաձայնության համար ընկերությունները Հանձնաժողովի անցած տարվա դեկտեմբերի 21-ի որոշմամբ տուգանվեցին յուրաքանչյուրն իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (ընդհանուր առմամբ` ավելի քան 450 միլիոն դրամ):
Հանձնաժողովի որոշումը մասնակի չեղյալ համարելու մասին վարչական բողոքում նշված փաստերը Հանձնաժողովը համարեց ոչ հիմնավոր եւ մերժեց բողոքը` Հանձնաժողովի որոշումը թողնելով ուժի մեջ, հաղորդում է ՀՏՄՊՊՀ-ի մամլո ծառայությունը: