Հրապարակվել է <b>ՅՈՒՆԵՍԿՕ-ի</b> «Կրթությունը վտանգված է 2010» եւ «Զերծ պահել կրթությունը հարձակումներից` խնդրի վիճակը» զեկույցները: Առաջին զեկույցը պատկերացում է տալիս ուսուցիչների, դպրոցների եւ դպրոցական շինությունների վրա հարձակումների քանակի աճի մասին, որի հիմքում քաղաքական ու կրոնական մոտիվներն են: Առաջին զեկույցն այս թեմայով հրապարակվել է 2007թ.:
Երկրորդ զեկույցում փորձագետները վերլուծում են կանխարգելման եւ պատասխան միջոցների փորձը, ինչն իր արտացոլումն է գտել միջազգային իրավունքում եւ տեղերում անցկացվող միջոցառումներում: Վերլուծության մեջ արտացոլվել են նաեւ այդ թեմայով 2009թ. Փարիզում տեղի ունեցած սեմինարի մշակումներն ու հանձնարարականները:
Ըստ զեկույցների, 2007-2009թթ. կրթական հաստատություններն, ուսուցիչներն ու աշակերտները հարձակման են ենթարկվել աշխարհի 32 երկրներում: Հաճախ նման գործողությունները պետության դեմ ագրեսիայի դրսեւորման ձեւ են հանդիսանում: Զեկույցում դիտարկվում է նաեւ երեխա-զինվորների խնդիրը, որոնց թիվն աշխարհում հասնում է 250 000-ի: Առեւանգումները կատարվում են նաեւ աղջիկների հանդեպ բռնության նպատակով:
Զեկույցի հեղինակ Բրենդան Օ`Մելլիի հանձնարարականների համաձայն, հարկավոր է ստեղծել համաշխարհային տեղեկատվական կենտրոն նման հանցագործություններին հետեւելու նպատակով: ՄԱԿ-ը դեռեւս հավաստի տվյալներ չունի, որոնք անհրաժեշտ են խնդիրը ճիշտ գնահատելու համար: Ըստ նրա, հարկավոր է լրացուցիչ խորը հետազոտություններ անցկացնել եւ վերլուծել կրթության դեմ կատարվող հարձակումների պատճառները, միջոցներն ու ազդեցությունը:
Այդ զեկույցների հրապարակումը հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջին եւ բարձրագույն կրթության գծով հատուկ ներկայացուցիչ Քաթարի շեյխ Մոզահի Բինտ Նասեր Ալ Միսնադի ֆինանսական աջակցության շնորհիվ, հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը:






