Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ <b>Յան Գիլանը</b> (Deep Purple) եւ <b>Թոնի Այոմին</b> (Black Sabbath, Heaven and Hell) գործիքներ են նվիրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:
Երեւան են բերվել պրոֆեսիոնալ գործիքները Fender Musical Instruments Corporation-ից. ճապոնական Takamine ֆիրմայի 4 ակուստիկ կիթառներ եւ ամերիկյան Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք: Երաժիշտները դպրոցին նվիրել են նաեւ Paiste կիմբալներ եւ Vic Firth թմբուկի փայտիկներ` տրամադրված John Henrys Ltd ընկերության կողմից:
2009թ. հոկտեմբերի 1-ին Յան Գիլանը եւ Թոնի Այոմին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի եւ ավստրալիական Do Something ընկերության կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում այցելել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը ռոք աստղերի հետ զրույցում ասել էր, որ իր աշակերտները շատ կցանկանային ունենալ լավ կիթառներ ու հարվածային գործիքներ: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ընթացքում եւ մինչ օրս տեղակայված է ժամանակավոր կացարաններում, հաղորդում է ծրագրի կազմակերպիչ Mediamax ընկերությունը:
«Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում մեծն երաժիշտներին բարդ պայմաններում երաժշտություն սովորող հայ երեխաների նկատմամբ նրանց ուշադրության համար: Գիլանի եւ Այոմիի Հայաստան այցից անցել է գրեթե 5 ամիս, սակայն այս նվերը վկայում է այն մասին, որ հայկական դպրոցին օգնելու նրանց ցանկությունը չի նվազել: Կցանկանայի նաեւ անկեղծ շնորհակալություն հայտնել երաժիշտների մենեջերներին` Ռալֆ Բեյքերին եւ Ֆիլ Բենֆիլդին, ովքեր անմիջապես զբաղվել են գործիքների ձեռք բերմամբ»,- ասել է «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կկայանան Յան Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնցից ստացված ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:
«Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի դեմս այդ մեծ երաժիշտների` Հայաստանն ունի մեծ ընկերներ»,- ընդգծել է Արա Թադեւոսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին երաժշտական գործիքները Երեւան տեղափոխելուն աջակցելու համար: Յան Գիլանի եւ Թոնի Այոմիի նվերը Երեւան է հասել ՀՀ նախագահի ինքնաթիռով, ով նախորդ շաբաթ այցելել էր Լոնդոն: «Դա շատ խորհրդանշական է, քանի որ Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագիծն իրականացվում է երկրի ղեկավարի հովանու ներքո»,- նկատել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրենը:
Ակնկալվում է, որ գործիքները դպրոցի ներկայացուցիչներին կհանձնվեն մարտին` Յան Գիլանի Հայաստան այցի շրջանակներում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Յան Գիլանի` մարտի 26-ին եւ 27-ին կայանալիք համերգների գլխավոր հովանավորն է: Համերգների գործընկերը bmi ավիաընկերությունն է: