ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, քանի որ սա նրա առաջին այցն էր տարածաշրջան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպումից հետո: Ըստ նրա, ԼՂՀ-ն մեծ հույսեր ունի, կապված ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության հետ: Ընդ որում ԼՂՀ նախագահը նշել է, որ հանդիպմանը նա ներկայացրել է Ղարաբաղի մտահոգությունները եւ դիրքորոշումը խնդրի լուծման վերաբերյալ:
Անդրադառնալով պաշտոնական Բաքվի մշտապես հնչող հայտարարություններին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին` Սահակյանն ասել է. «Իմ կողմից ես առաջարկեցի նոր ուղղություն ներմուծել բանակցային գործընթաց եւ տարածքային ամբողջականության հարթությունից հարցը տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն»:
Ընդ որում նա նշել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացին հնարով չի լինի արդյունքի հասնել: «Բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը բանակցությունների ձեւաչափի խախտումն է»,-ասել է Բակո Սահակյանը: Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ նախագահն այցելելով տարածաշրջան, պետք է այցելի նաեւ հակամարտության հիմնական կողմ հանդիսացող ԼՂՀ-ն:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Արցախի նախագահն ասել է, որ Ղարաբաղը բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող շաղկապվել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ:






