Փետրվարի 16-ին տեղի է ունեցել <b>«Երկրապահ» կամավորականների միության</b> 8-րդ համագումարը: Համագումարում քվեարկության արդյունքում ընտրվել է «Երկրապահի» վարչության կազմն ու վերահսկիչ հանձնաժողովը:
«Երկրապահի» վարչության անդամները կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրեցին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Համագումարում ողջույնի խոսքով հանդես են եկել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, «Երկրապահ» կամավորականների միության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Մտավորականների համաժողովի Ավագանու խորհրդի անդամ, ՀՀ ժողովրդական դերասան Երվանդ Մանարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը:
Վերջում համագումարը հայտարարություն ընդունեց, որտեղ մասնավորապես ասվում է, որ «Երկրապահ» կամավորականների միությունը եղել եւ մնում է Արցախի խաղաղ եւ անվտանգ կյանքի պաշտպանը: Կազմակերպությունը կտրականապես դեմ է նրան, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով: Հանդես գալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին` «Երկրապահ» կամավորականների միությունը հայտարարում է, որ դա չպետք է տեղի ունենա հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման եւ Հայոց ցեղասպանության ուրացման հաշվին:
Հայտարարությունը կարեւորում է Հայաստանի ժողովրդի ներքին միասնությունը, որտեղ բացառված պետք է լինեն «հոկտեմբերի 27-ի» եւ «մարտի 1-ի» նման ողբերգությունները: