AM
19 Փետրվար 2010 - 10:51 AMT

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Հայ-թուրքական արձանագրությունները

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, անկախ հանձնաժողովի եզրակացությունից, Արձանագրությունները կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի օրակարգում: «Սակայն հանձնաժողովի անունից ես կառաջարկեմ ՀՀ ԱԺ խոսնակին, որ Արձանագրությունները հանձնաժողովի եզրակացությունից առաջ քննարկվեն բոլոր խմբակցություններում: Մենք որոշեցինք ստեղծել աշխատանքային խումբ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից, որը մինչեւ փետրվարի 22-ը կներկայացնի հանձնաժողովում եւ խորհրդարանում Արձանագրությունների քննարկման հստակ ընթացակարգը: Փաստաթղթերը հարկավոր է քննարկել խորհրդարանի բոլոր մշտական հանձնաժողովներում եւ կրկին լսումներ կազմակերպել»,-ասել է Ռուստամյանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի անդամ Էռնեստ Սողոմոնյանը, պետք չէ սկսել Արձանագրությունների քննարկումը խորհրդարանում, քանի դեռ Թուրքիան քայլ չի կատարել դրանց վավերացման ուղղությամբ: «Դա ազգային արժանապատվության հարց է: Թող իրենք սկսեն քննարկումը, իսկ մենք հետո կտեսնենք, թե ինչ ենք անելու»,-ասել է Սողոմոնյանը:

Նիստում ներկայացվել է նաեւ օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծման համար պատասխանատվության մասին օրինագծի որոշման նախագիծը, որն ընդունվեց միաձայն: Օրինագծի հեղինակը ՀՅԴ խմբակցությունն է:

Հանձնաժողովը հավանություն է տվել նաեւ օրակարգում ՀՀ կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդգրկմանը: Փոփոխություն է նախատեսվում այն մասում, որ Հայաստանը կարող է ետ կանչել իր ստորագրությունը, եթե միջազգային պայմանագիրը հակասում է պետության շահերին: Այդ հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` նշելով, որ ստորագրություն ետ կանչելն ընդունված միջազգային պրակտիկա է, որ ամրագրված է Վիեննայի կոնվենցիայով: «Մենք պետք է հստակեցնենք Հայաստանի օրենսդրական դաշտը եւ պարզություն մտցնենք այն հարցում, թե որ կազմակերպություններն իրավունք ունեն կնքել միջազգային պայմանգրեր»,-ասել է Քոչարյանը: