AM
23 February 2010 - 13:10 AMT

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնը

Փետրվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնը: Այն բացվել է National Theatre-ում վրացաբնակ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսով, որը մեծ ռեժիսորի առավել հայտնի լուսանկարների հեղինակն է: Ցուցահանդեսում ընդգրկված են բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են Մեչիտովի կողմից Փարաջանովի հետ ընկերության 11 տարիների ընթացքում:

«Նա բացահայտում է հետաքրքիր իրավիճակների խճանկարներ, հակադիր տրամադրություններ, ֆիլմ նկարահանելու ժամանակ տեղի ունեցած հիշարժան դեպքեր», – հաղորդում է փառատոնի կազմակերպիչ Լայլա Ալեքսանդր Գարեթը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 28-ը:

Փառատոնի ընթացքում այցելուները կկարողանան դիտել Փարաջանովի ֆիլմերը, տեսնել շարժվող նկարների ինստալյացիաներ, մասնակցել «Սերգեյ Փարաջանովի ստվերները» թեմայով սիմպոզիումին եւ «Արարելով հրաշքների աշխարհը» սեմինարին, որը նվիրված է Փարաջանովի կյանքին եւ ստեղծագործություններին: