Փետրվարի 26-ին ՀՀ Կրթության նախարարությունն ու «Հայ Դատ» հիմնադրամը փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում կիրականացվի «Գնահատենք անցած ուղին. ճանաչենք ինքներս մեզ» ծրագիրը:
«Ծրագրի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում հայագիտության հանդեպ հետաքրքրության զարգացմանը, բարձրացնել հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը եւ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնամեթոդական հիմք ստեղծել»,- նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուշագրի ստորագրման ժամանակ:
Աշոտյանի խոսքով, ծրագիրը նախատեսում է Հայաստանի դպրոցներում հայագիտության համար դասարաններ ստեղծել, կստեղծվեն նաեւ գրադարաններ: Բացի դրանից, հայագիտական առարկաների ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ կանցնեն: Կարեւոր է նաեւ հայագիտական թեքումով ավագ դպրոցի ստեղծումը, որտեղ կսովորեն շնորհալի աշակերտները: Ծրագիրը նախատեսում է նաեւ մշակել մի համակարգ, որը թույլ կտա ավագ դպրոցների հայագիտական հոսքերից կրեդիտներ փոխանցել բուհերի համապատասխան ֆակուլտետներ:
«Հայ Դատ» հիմնադրամի նախագահ Բագրատ Եսայանն իր հերթին ընդգծեց, որ կարեւոր է մշտապես նպաստել հայագիտության զարգացմանը Հայաստանի դպրոցներում եւ բուհերում:
«Կրթության բնագավառում այդ ոլորտը ներկա պահին ամենաթույլն է եւ ֆինանսավորման կարիք ունի, այն պետք է ուշադրության կենտրոնում լինի: Մենք հույս ունենք երեք տարվա ընթացքում Հայաստանի դպրոցներում հայագիտական ցանց ստեղծել: Դրանից հետո արդեն կառանձնացնենք հանրապետական նշանակության հայագիտական թեքումով ավագ դպրոցը»,- ամփոփեց նա:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց «Հայ Դատ» հիմնադրամի նախագահին համագործակցության գաղափարի համար եւ նշեց. «Ծրագրի հաջող իրագործման դեպքում մենք հույս ունենք այն ներդնել նաեւ ԼՂՀ-ում»: