AM
27 February 2010 - 08:55 AMT

ԱՄՆ-ի հայկական երիտասարդական կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացրել սումգայիթյան ջարդերի դեմ

Փետրվարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի հայ երիտասարդությունը ոտքի էր ելել իր ընդվզումը հայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության դեմ: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, մի քանի տասնյակ մարդ, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ եւ պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց կարգախոսները կոչ էին անում «Սումգայիթի ցեղասպանությունը ոճիր է մարդկության հանդեպ», «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտություն Սումգայիթի ոճրագործության մասին», «Սումայիթի հանցագործները ցայսօր անպատիժ են» եւ այլն:

Ցույցի մասնակիցները, որոնցից շատերը Սումգայիթյան ողբերգության պահին նույնիսկ չէին ծնվել, բացականչում էին «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»: Նրանք հավատում են, որ Սումգայիթը սկիզբ դրեց Արցախյան ազատագրական պայքարի հետագա արյունալի իրադարձություններին: Ցուցարարները պահանջում էին պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած եւ իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: