Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվ գործունեությունը հարկավոր չէ գնահատել միայն զանգվածային միջոցառումներով, քանի որ հանրահավաքների միջանկյալ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվում: Այդ մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ըստ Սուրենյանցի, Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը կասկածելի է եւ նրանք երկու ելք ունեն իրավիճակից` կամ համակարգային բարեփոխումներ կատարել, կամ ներքաղաքական ճգնաժամը կհանգեցնի իշխանափոխության:
Իր հերթին Արտակ Զաքարյանը նշել է, որ լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական բնույթի հասկացություն է եւ նույնիսկ 20 000-անոց հանրահավաքով հնարավոր չի որոշել Հայաստանի ղեկավարության օրինականության մակարդակը: «Այժմ բոլոր պետական մարմինները գործում են բնականոն ռեժիմով եւ օրենքի շրջանակներում եւ այստեղ բոլորովին տեղին չեն խոսակցությունները ներքաղաքական ճգնաժամի կամ իշխանափոխության նախադրյալների մասին»,-ասել է պատգամավորը:
Հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Սուրենյանցը նշել է, որ ինքը կողմ է այդ քաղաքականությանը, հավելելով, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները: «Այստեղ իմ դիրքորոշումը կարող է չհամընկնել ՀԱԿ-ի հետ, սակայն իմ համար գլխավորը առկա խնդիրների հանդեպ սեփական մոտեցում ունենալն է»,-նշել է նա:
Միեւնույն ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն անմիջականորեն չի վերաբերում Հայաստանին, այլ թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող խնդիր է: «Հայաստանի մասնակցության աստիճանն այստեղ սահմանափակվում է միայն հայկական սփյուռքի ներգրավման մասով»,-ասել է նա:






