Միացյալ Նահանգները որոշում են ընդունել երկրից վտարել այն բոլոր անձանց, որոնք առնչություն ունեն օտարերկրյա 39 ահաբեկչական ուղղվածություն ունեցող կազմակերպություններին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ֆիլիպ Ռիկերի խոսքերով` ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը կազմվել է պետդեպարտամենտի եւ արդարադատության դեպարտամենտի հետ համատեղ: Բաքվի «Էխո» թերթի տվյալներով, ցուցակում ընդգրկված է նաեւ ադրբեջանական «Ջեյշուլլահ» ահաբեկչական կազմակերպությունը: Խմբավորման ակտիվիստները կարտաքսվեն Ադրբեջան: Այս կազմակերպության նպատակն է բռնի փոխել Ադրբեջանի պետական կարգը եւ ստեղծել իսլամական պետություն: Թերթը հիշեցնում է, որ «Ջեյշուլլահի» գրոհայինները պատրաստել եւ իրագործել են մի քանի ահաբեկչական գործողություններ, որոնց թվում է հայտնի էքստրասենս Էթիբար Էրկինի սպանությունը: Ահաբեկիչների պատրաստման համար «Ջեյշուլլահը» երկրի հյուսիսում կառուցել է մի քանի խրամատներ: Հայտնի է, որ «Ջեյշուլլահի» առաջնորդները սերտ կապերի մեջ են մյուս իսլամական երկրներում գործող համանման կազմակերպությունների հետ, մասնավորապես, տխրահռչակ «Ալ Կաիդայի» հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: