Արդեն պարզ է, որ Թուրքիան մտադիր չէ վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, թուրքական կողմի վերջին հայտարարությունները առիթ են ընձեռում Հայաստանին հայտարարել, որ հայ-թուրքական գործընթացը ձախողվել է Անկարայի պատճառով եւ դուրս գալ գործընթացից, ինչպես նաեւ հայտարարել, որ Հայաստանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ միայն այն դեպքում, եթե Թուրքիան համաձայնվի բանակցել առանց որեւէ նախապայմանի: «Որքան ուշ մենք դուրս գանք գործընթացից, այնքան ավելի դժվար կլինի դա անել»,-ասել է Մանոյանը:
Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունմանը` Մանոյանը անդրադաձել է որոշ կոնգրեսականների հայտարարություններին, որոնք պնդում էին, թե կոմիտեի որոշումը կարող է խաթարել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: «Հայաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ բանաձեւի ընդունմանը: Ես կարծում եմ, որ ղեկավարությունն իր այս դիրքորոշումը պետք է հայտնի պաշտոնապես, չսահմանափակվելով որեւէ օտարերկրյա թերթին տված հարցազրույցում արված հայտարարություններով»,-ասել է Մանոյանը: Ընդ որում, նա նշել է, որ կոնգրեսականների հայտարարություները վկայում են այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խանգարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ բացի այդ, ճնշման լծակ է դարձել Հայաստանի հանդեպ` ղարաբաղյան կարգավորման հարցում:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը կուղղվի Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար:






