Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող սակարկության առարկա լինել: Այդ փաստի ճանաչումը աշխարհի բոլոր երկրների բարոյական պարտականությունն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը, հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ Արմեն Ռուստամյանը: Միեւնույն ժամանակ պատգամավորն արձանագրում է, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների առկայությունը ակնհայտորեն խոչընդոտում է Հայոց ցեղասպանության մասին միջազգային ճանաչմանը: «Սակայն թող Թուրքիան հույս չունենա, թե կարող է խոչընդոտել մեր արդար պայքարին: ՀՅԴ բոլոր կառույցները նոր խթան ստացան շարունակելու աշխատանքը մինչեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ամբոջական ընդունումը»,-ասել է Ա.Ռուստամյանը: Նա հավելել է, որ թիվ 252 բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կողմից կարեւոր հաղթանակ է, բայց ոչ վերջնական, եւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ուժերը` Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման համար:
Ինչ վերաբերում է Արձանագրությունների հետագա ճակատագրին, Ա.Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վավերացնի դրանք միայն վերապահումներով: Դա, ըստ պատգամավորի, չի հակասի այն պարտավորություններին, որ Հայաստանը ստանձնել է միջազգային համաձայնագրերով:
Մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության մասին` Ա.Ռուստամյանը հայտարարել է, որ Թուրքիան, որն անցել է նախապայմանների առաջադրումից բացահայտ սպառնալիքների ու շանտաժի, այսօր ավելացնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն ակտիվորեն աշխատում է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ` հասնելու համար Հայոց ցեղասպանության ճանաչմանը Շվեդիայի խորհրդարանի կողմից: Քվեարկությունը Շվեդիայի խորհրդարանում կանցնի մարտի 11-ին:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը կուղղվի Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար:
Նմանատիպ քվեարկություն նախատեսված է նաեւ ԱՄՆ Սենատում:






