Հայաստանի նոր կառավարության գործունեությունում չեն սպասվում արմատական փոփոխություններ, հատկապես տնտեսական բարեփոխումների ոլորտում: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ադ Մելկերթի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Վարչապետի խոսքերով` Հայաստանում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը կշարունակի աշխատանքը անցյալ տարիներին նախանշված հիմնական ուղղություններով: Մասնավորապես, նա նշել է, որ կպահպանվեն տնտեսական զարգացման գերակայությունները, որոնք արտացոլված են ՀԲ ծրագրերում, այդ թվում նաեւ աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Ա. Մարգարյանը հայտարարել է, որ Հայաստանն ընտրել է եվրոպական կառույցներ ինտեգրվելու ուղին, եւ երկրի կառավարության ջանքերը ուղղված կլինեն այդ նպատակի իրականացմանը: Նրա խոսքերով` երկրում քաղաքական եւ տնտեսական կայունությունը թույլ կտա զարգացնել անցյալ տարիների ձեռքբերումները: Ադ Մելկերթն, իր հերթին, հավաստիացրել է, որ ՀԲ-ն հետագայում եւս ակտիվորեն կաջակցի սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաեւ աղքատության նվազեցման ծրագրին: