AM
9 March 2010 - 13:29 AMT

Գենադի Խազանովը «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացմամբ կբացի «Արմմոնոն»

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի մարտի 17-ին Մարզահամերգային համալիրում՝ Մոսկվայի էստրադայի թատրոնի «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացմամբ, որը կներկայացնի հանրաճանաչ դերասան Գենադի Խազանովը։ Յոթնօրյա փառատոնի շրջանակներում կցուցադրվի 18 ներկայացում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաեւ հայ դերասաններ:

«Արմմոնո»-ի շրջանակներում հանդես կգա` Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնը Ռիմաս Տումինասի «Խելագարի հիշատակարանը» բեմադրությամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում` թատերասերներին կներկայանա ճանաչված դերասանուհի Օլգա Կուզինան իր «Ես եմ ճայը» մոնոներկայացմամբ: Ի դեպ, այս ներկայացումը ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որը ստեղծվել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնի եւ Երեւանի պատանի հանդիսատես թատրոնի համագործակցությամբ:

Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասան Դանիել Լյուդվիգի (Շվեյցարիա) «Մուհամեդի ճանապարհորդությունը», Յանոշ Ստոլարսկու (Լեհաստան) «Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը» եւ «Ծածկագիր» ներկայացումները, ինչպես նաեւ Վերա Մվովիչի (Սերբիա), ըստ Մարինա Ցվետաեւայի, «Սոնեչկա» մոնոներկայացումը:

Պատվավոր հյուրերի շարքում կլինի «Էտոն» ֆրանսիական թատրոնը՝ Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացումը:

«Արմմոնոի» հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ», Կարինե Ջանջուղազյանը` «Լույսը կբացվի», Արեն Վաթյանը` «Զանգ վերեւից» եւ Սամվել Բաղինյանը` «Մատյան ողբերգության», Արմեն Սանթրոսյանը` «Մի քաղաքի պատմություն», Նարինե Գրիգորյանը` «Թռիչք քաղաքի վրա» մոնոներկայացումներով:

Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոնների ղեկավար-պրոդյուսերներ Լեհաստանից, Ուկրաինայից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը, գլխավոր հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը:

«Արմմոնո» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: