2010թ. մարտի 1-ից «Արմավիա» ընկերությունում գործում է Տեղեկատվական կենտրոնը (Call-senter), որը ստեղծվել է անմիջական շփման եւ հաճախորդների հետ օպերատիվ աշխատելու համար:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը PanARMENIAN.Net-ին է տրամադրել ընկերության մամլո ծառայությունը, ներկայումս Տեղեկատվական կենտրոնի միջոցով կարելի է իմանալ չվերթերի չվացուցակի, փոխադրման կանոնների, գների մասին, իսկ հեռանկարում հնարավոր կլինի նաեւ ամրագրել տոմսը «Արմավիայի» եւ նրա գործընկեր ավիաընկերությունների չվերթերի համար, իչպես նաեւ տեղեկանալ զեղչերի, արտոնությունների, բոնուսային ծրագրերի եւ նորույթների մասին:
Կարեւորելով ուղեւորների հետ հետադարձ կապի նշանակությունը` Տեղեկատվական կենտրոնը, տեղեկություններ տրամադրելով հաճախորդներին, միաժամանակ լուծում է ցանկացած առաջարկությանն օպերատիվ արձագանքելու խնդիրը: Տեղեկատվական կենտրոնի օպերատորների եւ հաճախորդների բոլոր խոսակցությունները ձայնագրվում են` վերահսկելու համար ստացվող եւ տրամադրվող տեղեկատվությունը:
«Ընկերության հետ կարելի է կապ հաստատել ցանկացած քաղաքից` զանգելով +(37410) 28 10 83, + (37410) 59 30 82 համարներով կամ նամակ հղելով [email protected]ե էլեկտրոնային հասցեով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Արմավիայի» Տեղեկատվական կենտրոնն աշխատում է 9:00-18:00-ն (առաջիկայում այն շուրջօրյա կգործի):
Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: 2010թ. ընկերությունը ձեռք կբերի երկու նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռ: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով: