Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում:
Պաշտոնական այցելության առաջին օրը`մարտի 9-ին Նախագահ Սարգսյանն այցելել է Փարիզի «Մատինյոն» ցուցասրահ, հանդիպել ֆրանսահայ ճանաչված գեղանկարիչ Ժանսեմի հետ, շրջել ցուցասրահում և ծանոթանացել նրա ստեղծագործական հարուստ ժառանգությանը:
«Մեր ժողովուրդն իսկապես հպարտանում է Ձեզանով ու բարձր գնահատում Ձեր արվեստը: Ապրելով այլ երկրում` Դուք ավելի ճանաչելի եք դարձրել մեր ժողովրդին` ողջ աշխարհում տարածելով հայ ժողովրդի բարի համբավը»,- նշել է մեր երկրի ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ցառայությունը, Սերժ Սարգսյանն ու մեր անվանի հայրենակիցը մտքեր են փոխանակել հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիրների շուրջ:
«Սփյուռքի նախարարության ստեղծման նպատակներից մեկն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հայապահպանության խնդրի լուծմանը նպաստելն է: Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն, պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող եւ արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով»,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված նկարչին հանձնել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն շքանշանը:
Պաշտոնական այցի շրջանակում այսօր կեսօրին Ելիսեյան պալատում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ֆրանսիայի Նախագահի անունից ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: