«Օրինաց Երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշել է պաշտոններից հետ կանչել կուսակցության անդամներին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին: «Նման քաղաքական գործիչներն ինքնին կուսակցությանն են անհրաժեշտ»,- նախարարների հրաժարականը մեկնաբանել է ՀՀ ԱԺ «Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը:
Այդ կապակցությամբ նա ավելացրեց նաեւ, որ նախարարների հրաժարականը չի նշանակում, որ կուսակցությունը դժգոհ է նրանց աշխատանքից: Հեղինե Բիշարյանը հաղորդեց, որ Գուրգեն Սարգսյանը զբաղվելու է կուսակցության տնտեսական բլոկով, իսկ Մհեր Շահգելդյանը` քաղաքական:
«Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահն ավելացրեց, որ քաղխորհուրդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը կներկայացնի 2009 թվականի ապրիլից պետության ղեկավարի խորհրդական հանդիսացող Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնին եւ Հայաստանի Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի թեկնածությունը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին:
Բացի դրանից, լրագրողների խնդրանքով, նա մեկնաբանեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին … խիստ նկատողությունը եւ այն ենթադրությունը, որ նրա թեկնածությունն ամենից շատ է հարմար հրաժարականի համար: «Մեկ խիստ նկատողության համար մարդուն պաշտոնից չեն ազատում, առավել եւս, որ այդ նկատողությունը նա ստացել է ոչ իր մեղքով»,- նկատեց նա:
Մարտի 13-ին կայացած «Օրինաց Երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստում քննարկվել են գործադիր իշխանությունում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի աշխատանքի հարցերը: Քննարկումների արդյունքում կուսակցությունը որոշում ընդունեց հետ կանչել այդ երկու նախարարների թեկնածությունները: Այդ կապակցությամբ մարտի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պարզաբանումներ կկատարի այդ եւ այլ քաղաքական հարցերի շուրջ:






